Search
Close this search box.

Զինված հարձակում Գեղարքունիքում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու ծեծել հարձակվողներին

Գեղարքունիքի մարզում, հոկտեմբերի 2-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 16:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, որովայնի փակ բութ տրավմա, պարանոցի զույգ վերին վերջույթների, ձախ ոտքի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Էմմա Հ.-ն է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 14:00-ից մինչեւ 15:00-ն ընկած ժամանակահատվածում Բունիաթյան փողոցում Էմմա Հ.-ի տան պատից ձայն են տվել եւ վերջինս դուրս է եկել բակ, որտեղ 30-40 տարեկան իրեն անծանոթ 2 տղամարդիկ իրենից հարցրել են, թե արդյոք իրենց տան դիմացի հողամասը վաճառվում է:

Այդ ընթացքում Էմմա Հ.-ին անծանոթ տղամարդկանցից մեկը ատրճանակով մոտեցել է իրեն, հայհոյանքներ տեղացել ու ասել, որ իրենք գիտեն, թե որտեղ է գտնվում չհրկիզվող պահարանը իրենց տանը ու փորձել են հարձակվել Էմմա Հ.-ի վրա:

Վերջինս կարողացել է դիմադրություն ցույց տալ եւ ատրճանակը խլել է նրա ձեռքից եւ այդ ատրճանակով խփել է իրեն հարձակվողի գլխին, ով հավասարակշռությունը կորցել եւ ընկել է:

Հանցակից ընկերը, տեսնելով կատարվածը, մոտեցել է Էմմա Հ.-ին եւ միմյանց միջեւ սկսվել է քաշքշուկ: Քաշքշուկի ընթացքում մեկ այլ տղամարդ մտել է Էմմա Հ.-ի տուն եւ գետնին ընկած ընկերոջը տարել: Երբ քաշքշուկն ավարտվել է, Էմմա Հ.-ն մտել է տուն, իսկ նրա հետ վիճաբանող տղամարդը, հետապնդելով նրան, տան մոտ տեղադրված ծաղկամանով փորձել է հարվածել Էմմային, սակայն այն դիպել է պատից կախված սրբապատկերին, որից հետո անկոչ հյուրերը դիմել են փախուստի: Ոստիկաններին եւ քննիչներին Էմմա Հ.-ն հայտնել է, որ իր բնակարանից ոչինչ չեն գողացել, քանի որ իր շնորհիվ հանցագործությունը ավարտին չեն հասցրել: Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու եւ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ: