Search
Close this search box.

Իրավապաշտպան. Կազատվի արդյոք համակարգը կոռումպացված և ապօրինի ակտեր կայացնող դատավորներից

Բազմիցս խոսվել է դատական համակարգում տիրող բեսպրիդելի և հովանավորչության մասին: Արդարադատությունից շեղված, դատավորի պաշտոնը իր անձնական կարիքների համար ծառայեցնող դատավորների ժամ առաջ հեռացումը համակարգից դարձել է ՀՀ-ի համար գերխնդիր: Սակայն բազմաթիվ քաղաքացիների բողոքները,Արդարադատության Նախարարին և Դատավորների Ընդհանուր Ժողովի Էթիկայի և Կարգապահական հարցերով հանձնաժողովին, դատավորների կամայականությունների դեմ մնում են անպատասխան կամ առավելագույնը վերջիններիս պատասխանում են որ իրենց բողոքները անհիմն են:
Ինձ հետ կատարվածը նույնպես կլինի հերթական փորձաքարը այս խնդրի լուծման համատեքստում:

2019թ սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Տ. Պետրոսյանը, ծանոթանալով թիվ ԵԿԴ/4950/02/16 քաղաքացիական գործի նյութերին,որոշել է ինքնաբացարկ հայտնել: Իր ինքնաբացարկը Տիգրան Ռաֆիկի Պետրոսյանը հիմնավորել է այսպես՝

«Սույն գործով հայցվոր Արտակ Գալստյանի և եղբորս՝ Մհեր Պետրոսյանի միջև 2003 թվականին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված է եղել քրեական գործ, իսկ 2019 թվականի ընթացքում էլ Արտակ Գալստյանը հրապարակային ելույթներում իր անվստահությունն է հայտնել իմ՝ որպես դատավորի անաչառության վերաբերյալ, որպիսի հանգամանքներն անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել սույն գործով իմ անաչառության մեջ, ուստի գտնում եմ, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է հայտնել ինքնաբացարկ»:

Կարելի էր գովաբանել դատավոր Տիգրան Պետրոսյանին օրենքի տառը պահպանելու համար, եթե չլիներ մի բայց`  2003 թ-ին թիվ 201548803 քրեական գործով դատավոր Տիգրան Ռաֆիկի Պետրոսյանը և իր կինը ՝ Արուսյակ Սահակյանը հաղորդում են ներկայացրել Կոտայքի ոստիկանություն այն մասին, որ իրենց Ջրվեժ համայնքում գտնվող ամառանոցը հրկիզվել է և դրա մեջ կասկածում են ինձ՝ Արտակ Գավրուշայի Գալստյանին, քանի որ իմ հետ, նրանք ունեն թշնամական հարաբերություններ:
Այս հիմքը չգիտես ի՞նչու դատավոր Տիգրան Պետրոսյանը որոշել է չնշել: Այսինքն կարելի է արձանագրել, որ դատավոր Տիգրան Պետրոսյանի կողմից Արտակ Գալստյանի գործերով ինքնաբացարկ հայտնելու ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունը առաջացել է դեռևս 2003 թ-ից:
Ուղղակի այդ դրույթը լիարժեք ընկալելի է դարձել Տիգրան Պետրոսյանի համար, ինքնաբացարկի հիմքի առաջանալուց 16 տարի անց, քանի որ այս տարիների նրա վարքագիծը վկայում է հակառակի մասին:

Այս 16 տարիների ընթացքում,դատավոր Տիգրան Պետրոսյանը 11 անգամ իր վարույթ է ընդունել (կամ եղել է կազմի մեջ) իմ՝ Արտակ Գալստյանիս հետ կապված գործերը և բոլորը անխտիր լուծել ի վնաս ինձ:

Հարկ է արձանագրել, որ դատավոր Տիգրան Ռաֆիկի Պետրոսյանը դեռևս 2003թ-ից սկսած, ունենալով օրենքով սահմանված պարտավորություն ինքնաբացարկ հայտնել, որպես կողմ հանդես եկող իմ՝ Արտակ Գալստյանի գործերի քննությունից, ինքնաբացարկ չի հայտնել և օգտագործել է իր պաշտոնը և դատավորի կարգավիճակը իր թշնամիներից վրեժ լուծելու նպատակով, Տիգրան Պետրոսյանի սույն վարքագիծը օրենքով անհամատեղելի է դատավորի կարգավիճակի հետ:

Այս հիմքով դիմել եմ Դատավորների Ընդհանուր Ժողովի Էթիկայի և Կարգապահական Հանձնաժողովի Նախագահ ՝ Մխիթար Պապոյանին և Արդարադատության Նախարար Ռուստամ Բադասյանին, Վճռաբեկ Պալատի Դատավոր Տիգրան Պետրոսյանին, դատավորի բարձր կոչմանը անհամատեղելի գործունեություն ծավալելու հիմքով կարգապական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Անկեղծ ասած, Դատավորների Ընդհանուր Ժողովի Էթիկայի և Կարգապահական Հանձնաժողովի Նախագահ ՝ Մխիթար Պապոյանից մեծ հույսեր չունեմ, վերջինս վերջերս հաղորդում էր ներկայացրել իմ դեմ Ռոբերտ Քոչարյանի գործով և ամենայն հավանականությամբ բաց չի թողնի առիթը ևս մեկ անգամ կատարի հովանավորչություն և փորձի օգտագործել իր պաշտոնեական դիրքը այսպես ասած ինձ պատժելու համար:

Հետաքրքիր է ինչպես իրեն կդրսևորի նորանշանակ Արդարադատության Նախարար Ռուստամ Բադասյանը, վերջինս կարծես թե ի տարբերություն իր նախորդի փորձում է մաքրել դատական համակարգը կոռումպացված և ապօրինի ակտեր կայացրած դատավորներից:

Սպասենք դեպքերի զարգացումներին:

Արտակ Գալստյան