Search
Close this search box.

Ուղիղ միացում. «Ամո՛թ մարզպետին». Նորաշենում գյուղացիները փորձում են ներխուժել մարզպետի աշխատասենյակ

Արարատի մարզպետարանի դիմաց Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ մարզպետի որոշման:

Այս պահին գյուղացիները մարզպետի աշխատասենյակի դռան մոտ են և փորձում են ներս խուժել: Նրանք վանկարկում են՝ «Մարզպետ, հեռացիր», «Ամո՛թ մարզպետին»:

Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել Նորաշենի գյուղապետի լիազորությունները դադարեցնելու որոշումը: «Մենք պահանջում ենք մեր ընտրած համայնքապետին, պահաջում ենք որպեսզի մարզպետը վերականգնի Նորայր Գրիգորյանին գյուղապետի պաշտոնում:

Նշենք, որ մարզպետարանում են նաև Գարիկ Սարգսյանի որոշմանը կողմ գյուղացիները. գյուղապետի և մարզպետի կողմնակիցների միջև բախումը փորձում է զսպել ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ երեկ մարզպետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում վերանայել նախկին գյուղապետին պաշտոնում վերականգնելու հարցը:

Գյուղացիները պահանջում են, որպեսզի մարզպետն իրենց ներս ընդունի և լսի առաջարկություններն ու պահանջները:

Քիչ առաջ մարզպետը համաձայնեց ընդունել և լսել ակցիայի 3 մասնակցի՝ չցանկանալով, որպեսզի լրագրողները ներկա գտնվեն: