Search
Close this search box.

ՔԱՔ-ը միշտ ակտիվ է և ջրի երեսին է․ Սերգեյ Դանիելյանի հարցազրույցը

lragir.am զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ

-Պարոն Դանիելյան, հետևո՞ւմ եք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Ամուլսար, երկու օրում երկու հրաժարական։ Ի՞նչ է, ըստ Ձեզ, տեղի ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում։
Խառն են, խառը, բոլոլա է (ծիծաղում է)։

-Իսկ ինչո՞ւ։
Ինչ իմանամ, ես իրենց հետ չեմ։ Հավանաբար անհամաձայնություններ են։ Կարծում եմ՝ հիմնականում Ամուլսարն է համը հանում։ Ամենասկզբից էլ ասում էինք, որ այս հարցը պետք է միանգամից լուծել, բայց ասողին լսող է պետք։ Մեծերին չլսողի ոտքը քարին կդիպչի, բա… (ծիծաղում է)։

-Այս բոլոր իրադարձությունների ֆոնին կարծեք թե հետին պլան մղվեց Ամուլսարի հաևցը։ Դուք նշում եք, որ Ամուլսարն է հիմնական թեման։ Չի մարե՞լ դեռ։
Չէ, ընդհանրապես բնապահպանական թեմաները չեն մարում, շատ ցավոտ են, երկար և վտանգավոր են բոլոր իշխանությունների համար։ Երկու անգամ բնապահպաններին ծեծեն, տեսեք ինչ է լինելու։

Մի մոռացեք, որ Սովետի քանդումը սկսվեց բնապահպանական շարժումից, Նաիրիտը փակելուց և այլն։ Սա շատ վտանգավոր է, եթե մնա անլուծելի։ Բայց ես չեմ կարծում, որ Փաշինյանն այդքան հեշտ ուզում է հրաժարվել իշխանությունից։ Չի բացառվում լուրջ իրավիճակի հանգենք, մանավանդ առաջին պայթյունից, փորձարկումից և մեկ լիտր ջուր կեղտոտվելուց հետո։

-Պարոն Դանիելյան, կարծում եք անկեղծ չէ՞ վարչապետն իր հայտարարություններում, որ հիմք չկա հանքի շահագործումը թույլ չտալու և այլն։
Չեմ կարող ասել, ինքը պետք է ժողովրդի հետ խոսեր, ասեր՝ ով է ստիպում, եթե չի ասում, ուրեմն ինչ-որ պայմանավորվածություններ ունի, որ չի ուզում ասի։ Ես հիմա ենթադրությունների գիրկն եմ ընկել։

-Ինչո՞ւ եք Ամուլսարի խնդիրը, հրաժարականները բոլորը մեկ հարթության մեջ դիտարկում։
Չէ, Ամուլսարը ոչ թե պատճառ է, այլ հետևանք, բայց այն քաղաքականությունը՝ նախկիններին գնահատական չտալը, նախկին որոշակի պարտավորություններից չհրաժարվելը, օրենքները չփոխելը, անսկզբունք լինելը և այլն, միայն ինչ-որ անձանց վրա սևեռվելը, և այս ամենին գումարած Ամուլսարը, որը լուրջ խնդիր է, սա ոչ Քոչարյան է, ոչ Վանեցյան է, և կարող է վատ բաներ լինեն։ Սա ցավով եմ ասում, որովհետև մենք ենք ուզել, մենք ենք ընտրել, մենք ենք գնացել, մենք ենք վտանգվել, զրկանքներ տեսել։

-Ամուլսարը իշխանությունների փորձաքա՞րն է դարձել։
Այո, բայց ցավոք սա ամենամեծ փորձաքարը չի։ Ունենք Ղարաբաղ, հողերի խնդիր, կոնվենցիաներ կան, որոնք ավելի լուրջ են, և եթե Ամուլսարի փոքր բլուրի վրա սայթաքեցինք, հետո ինչ է լինելու, չգիտեմ։ Համենայն դեպս, ինձ թվում է՝ այս հարցը ավելի հեշտ էր լուծել՝ օֆշորային անհասկանալի կազմակերպություն, հանքարդյունաբերության փորձ չունի, փայատերերը պարզ չեն, Սարգսյանի ժամանակ է ի հայտ եկել, ինչը նշանակում է՝ առանց կոռուպցիայի անհնար էր։ Ես մի քանի կետ նշեցի, որով կարելի էր այս պատմությունը փակել, բայց ըստ երևույթին, կան ավելի լուրջ բաներ, քան այն, ինչ երևում է։ Չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իր թշնամին է և դանակն առել, ընկել է իր հետևից։

-Կարծում եք՝ եթե այսպես շարունակվի, արտահերթ ընտրություններ կհասունանա՞ն։
Իշխանության հանդեպ վերաբերմունքի խնդիրն է։ Առջևում լինելու են ընտրություններ, ինչ են անելու, կեղծելո՞ւ են ընտրություններ, որ անցնեն։ Իսկ եթե չանցնեն, ով է գալու՝ Բարգավաճ Հայաստա՞նը։ Դա լա՞վ է, որ իրենք գան։ Ես էլ չեմ խոսում հանրապետականների և այլ բոսյակների մասին, որ դեռ կան դաշտում և կան այս իշխանության պատճառով, որովհետև բոլորի բերանը կարելի էր փակել։ Ես ուզում եմ մեր իշխանությունը մարդ լինի, ոչ թե օրենք կատարող մեքենա։ Մենք բոմժ հասարակություն ենք, արտագաղթած, ռմբակոծված մի երկիր, բզկտված բոլոր հարևանների կողմից, ընդ որում՝ թալանված ստրատեգիական պորտնյորի կողմից և հիմա ընկել օրենք ենք խաղում, ինչը հիմա բացարձակ տեղին չէ։ Մեզ պետք են կտրուկ և ոչ օրդինար քայլեր և ոչ թե նստենք պահպանենք այն իդեոտ օրենքները, որ իդեոտներն են գրել։

-Այսինքն՝ կտրուկ քայլե՞ր էիք ակնկալում հեղափոխությունից հետո։
Հիմա էլ կարող են լինել կտրուկ այդ քայլերը, բայց էլի չեն լինում, էլի կամաց-կամաց ժողովրդի ռեսուրսը քամելով, արնաքամ անելով։ Հիմա կսկսեն բնապահպաններին ծեծել, կխռնվի թացը չորին, ու մի խոսքով՝ ք․․․-ը դուրս կգա։ Եթե դու մի կողմից դնում հինգ հարյուր հոգի ջարդում ես և հայտարարում՝ անտառ չի կտրվելու, բա ոնց ես էս կողմից ասում՝ սարը քանդվելու է, չի ստացվում։

-Քաղաքացիական ակտիվ քայլը հնարավո՞ր է ակտիվանա։
Քաղաքացիական ակտիվ քայլը միշտ ակտիվ է և ջրի երեսին է․․․(ծիծաղում է)։

-Պարոն Դանիելյան, Ամուլսարի խնդրից զատ՝ կառավարության քայլերը՝ կոռուպցիայի դեմ պայքար և այլն, ինչպե՞ս եք գնահատում։
Կոռուպցիայի հետ կապված ներքին օղակներում փոփոխություն կա։ Քաղաքապետարանի, կադաստրի աշխատանքում նույնպես, եթե նախկինում որևէ սեփականության վկայական ստանալու համար 400 դոլար փող կծախսեիր, հիմա կգան, կչափագրեն, պետական մուծումները կանես և վերջ։ Ասացի այն, ինչին առնչվել եմ, բայց հազար ու մի խնդիր կա, որ լուծվել է։ Մի մոռացեք թափանցիկ ընտրությունները և այլն, այդ ամենը կա, բայց դրան զուգահեռ կան հրատապ լուծում պահանջող խնդիրներ, օրինակ՝ ոստիկանության հարցը, իրենց անգործության, հասարակության դեմորալիզացման, 90 տոկոս ռնգեղջյուր են դարձել, քանի որ հասարակությունը անմիտ բիոզանգված է, որի գլխին պետք է անընդհատ տաս և ասես՝ ինչպես ապրել, իսկ եթե դա չկա, դառնում է բարդակ։

-Ոստիկանապետի հրաժարականը հրամայակա՞ն էր։
Այո, չգիտեմ՝ ինչ պատճառով է հրաժարվել և չգիտեմ՝ ով է գալու հաջորդը, այսպես թե այնպես օրենքը ուժի մեջ մտած չէ, և դեռ նույն դաշտից պետք է ընտրենք այդ ոստիկանին և չենք կարող դրսից բերել։ Օսիպյանը դեռ չարյաց փոքրագույնն էր, նա գոնե գող չէր և դեռ չգիտենք՝ ով կգա փոխարինելու։ Բայց, իհարկե, նրա հրաժարականը հրամայական էր, որովհետև ակնհայտ վատ էր աշխատում, բայց հաջորդն ավելի լավ կաշխատի, թե ոչ, դա է հարցը, քանի որ համակարգը փոխված չէ։ Նույն ոստիկանն է՝ սովետական համազգեստը հագած, փորով և մեծամասամբ անգիտակից։ Ոստիկանությունը մինչև հիմա ինչ է արել, ինքը հանցագործ չի բռնել, ինքը կին, երեխա ծեծող կառույց է եղել, որն ընտրություններին ձայն է ապահովել։

ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ այն հեղինակությունը և վարկանիշը, որ ձեռք է բերել ԱԱԾ-ն այս ընթացքում, իր համար ամենամնայուն արժեքն է, որն անհրաժեշտ է մեր պետությանը։ ԱԱԾ փոփոխությունները նկատե՞լ եք, արդյոք նոր ոճո՞վ է աշխատում։

ԱԱԾ-ն իրենք վեր են ածել թաղային ոստիկանի, որը զբաղվում է Քոչարյանի նմաններով։ Մինչդեռ ԱԱԾ-ն պետք է ունենա հետախուզություն և այլն, և սա պետք է լինի փակ կառույց, իսկ Մանվելի նման բոսյակներին բռնելու համար թաղային ոստիկանը պետք է զբաղվի։ Ես չեմ համարում, որ ԱԱԾ-ն մինչև հիմա իր գործով է զբաղվել։ Եթե իր գործով զբաղվեր, գոնե որևէ գործակալ Ադրբեջանում այսօր բռնված կլիներ, տասը հոգուց գոնե մեկը։ Կամ այստեղ որևէ ադրբեջանցի կամ թուրք գործակալ իրենք բռնած կլինեին։ Միգուցե ես եմ սխալ հասկացել ԱԱԾ գործառույթները, միգուցե բոսյակներով զբաղվելը ԱԱԾ-ի գործն է, չգիտեմ, բայց ինձ թվում է՝ ԱԱԾ-ն հաջողել է միայն խուլիգան բռնելուց։