Search
Close this search box.

«Խոսրովի անտառ» արգելոցում ծառատունկ չի կազմակերպվի

ՀՀ Արտակարգի իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի կարծիքով` «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհն հանգցնելու առաջին ժամերին թույլ են եղել կազմակերպչական աշխատանքները եւ բացակայել է թվային կապը:

«Արգելոցի տարածքում թվային կապն է կազմակերպվել, մինչեւ այդ աշխատանքները կազմակերպված չէին: Եվ այս դեպքից հետո այժմ մոնիտորինգ է արվում, որից հետո ցանկացած ռիսկային տարածք, որտեղ բացակայում է թվային կապը, պետք է լինի: Նաեւ առաջին մի քանի ժամվա ընթացքում կոորդինացման, կազմակերպչական խնդիրներ կային, որոնք հետագայում լուծվեցին»,-ասաց նա:

Ըստ նախարարի`տարիներ շարունակ կառավարությունը գումար է հատկացնում ԱԻՆ-ի տեխնիկական հագեցվածությունն ավելացնելու համար, նաեւ միջազգային համագործակցության շրջանակներում ձեռք է բերվում տեխնիկա եւ Վայոց ձորի, եւ Խոսրովի անտառի հրդեհների հրդեհաշիջման ժամանակ օգտագործվել է ամբողջ տեխնիկան:

«Զինված ուժերը եւս օգտագործվել են, ես կնախընտրեի, որպեսզի պաշտպանության նախարարությունում ձեռքբերվեին այդպիսի միջոցներ՝ այդպիսի խնդիրներ լուծելու համար: Ուղղաթիռի կիրառումն այդ կիճում հնարավոր չէր, եւ ուղղաթիռի ջրի քանակը եւս բավարար չէր, միակ հնարավորությունը արտատարածաշրջանում Ռուսաստանի ինքնաթիռներն էր, որը կարելի էր կիրառել, դիմել ենք եւ մի քանի ժամվա ընթացքում արձագանքել են»,-ասաց նա:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ այն կոչերը, թե պետք է ծառատունկ կազմակերպվի եւ Խոսրովի արգելոցի հրդեհված տարածքը վերականգնվի, չեն կարող իրականություն դառնալ, քանի որ օրենսգրքով արգելոցային ռեժիմը թույլ չի տալիս որեւէ միջամտություն, մարդու որեւէ գործունեություն, ծառերի արհեստական աճեցում եւ այլն. «Քննարկվելու է Խոսրովի արգելոցի կառավարման պլանը, որպեսզի կարողանանք իրականացնել որոշակի աշխատանքներ առանձին արգելավայրերում, բայց բուն արգելոցում՝ չի թույլատրվում: Առաջիկայում ներկայացվող կառավարման պլանում մենք ձեռնամուխ կլինենք մի շարք տարածքներ Խոսրովի արգելոցի հետ միավորելու՝ առավել պատշաճ պահպանություն ունենալու համար, էկոտուրիստական գործունեությունից եկամուտներ ստանալու հնարավորությունները մեծացնելու համար: Այժմ աշխատում ենք արեւային պանելների միջոցով աշխատող համակարգերի վրա եւ հույս ունենք, որ առաջիկա 20 օրվա ընթացքում արդեն լուծում կստանանք»:

Նախարարը նշեց, որ առաջիկայում թե բուսածածկ տարածքի, թե կենդանական աշխարհի մասով վնասների նոր կճգրտվեն, քանի որ մի քանի աղբյուրներ են համադրվելու, որպեսզի առավելագույն ճշգրիտ պատկեր ստացվի: