Search
Close this search box.

«Ապրեք բոլորդ…». Նաիրա Զոհրաբյանի հուզիչ գրառումը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մենք այսօր բոլորս միասին ամենաբարի գործն արեցինք.

Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագծին:

Անկեղծ ասած` հուզված եմ:
Այս տարիների ընթացքում ես տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ եմ ներկայացրել, շատ կարևոր, շատ անհրաժեշտ, սակայն առաջին անգամ էր, որ սրտատրոփ նայում էի քվեարկության լուսատախտակին: Այս նախագիծը ես համարում եմ խորհրդարանի կողմից երբևէ ընդունած ամենակարևոր օրենքներից մեկը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս օրենքի ընդունմանը: Ապրեք բոլորդ: Ու վստահ եղեք, որ եթե անգամ մարդիկ երբևէ մոռանան ձեր արած որևէ բարի գործ, կենդանիները բարին երբեք չեն մոռանում»,-գրել է պատգամավորը։

Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ օրենքի նախագիծը․

Հոդված 2651. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
2) պաշտոնատար անձի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) շահադիտական դրդումներով,
4) առանձին դաժանությամբ,
5) խուլիգանական դրդումներով,
6) անչափահասի ներկայությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով:

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունները կատարող անձի կողմից ԶԼՄ-ներում կամ համացանցում ցուցադրելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամկետով: