Search
Close this search box.

Արման Բաբաջանյանը մանդատը վայր չդրեց

Սեպտեմբերի 10-ին ԱԺ հայտարարությունների ժամին Արման Բաբաջանյանը, որը օրերս հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին, ասաց, որ ստիպված է եղել իր շատ սիրելի թիմից հեռանալ: Ըստ նրա՝ խմբակցությոինից դուրս գալու որոշման խորքային դրդապատճառները կապված են ոչ այնքան «Լուսավոր Հայաստանի, որքան ընդհանուր քաղաքական համակարգի ախտերի հետ:
«Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանը, որի հիմքը դրվել է 2018թ. թավշյա հեղափոխությամբ, կարիք ունի նոր քաղաքական համակարգի, նոր քաղաքական գաղափարների, մտքի ու սկզբունքների ու ընդհանուր առմամբ՝ նոր քաղաքականության: Ցավոք, ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսել և չեմ տեսնում ո՛չ «Լուսավոր Հայաստանում», ո՛չ մնացած խորհրդարանական ուժերում: Ախտահարված քաղաքական համակարգի արտահայտություններն առկա են ինչպես ինձնից աջ և ձախ, այնպես էլ կենտրոնում գտնվող պատգամավորական խմբակցութուններում: Հենց այդ ախտահարման հետևանքն է այն, որ մենք հեղափոխությունից 1,5 տարի անց ունենք այնպիսի չլուծված ճգնաժամային իրավիճակներ, ինչպիսին ունենք ՍԴ-ում, այնպիսի կնճռոտ ճգնաժամ, ինչպիսին ունենք Ամուլսարի հետ կապված խնդրում, այնպիսի թերի ու կիսատ իրավիճակ, ինչպիսին առկա է՝ կապված դատաիրավական բարեփոխումների ու անցումային արդարադատության հետ և այլն:
Լայն իմաստով մենք ունենք խորհրդարան, որը մեղմ ասած՝ համարժեք չէ պետության և հասարակության առաջ ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին: Ասվածը վերաբերում է թե՛ իշխնական, թե՛ ընդդիմադիր խմբակցություններին ու քաղաքական ուժերին: Այդ անհամարժեքության համախտանիշը վերաբերում է ոչ միայն ներքին կյանքին, ինստիտուցիոնալ խնդիրներին, այլև արտաքին քաղաքականությանը:Հեղափոխությունից 1,5 տարի անց մենք ունենք ՀՀ-ի կողմից վարվող անատամ, իներտ արտաքին քաղաքականություն,
որը որևէ աղերս չունի հեղափոխության հիմքում ընկած գաղափարների հետ: Թավշյա հեղափոխությամբ մենք բարեբախտաբար ստեղծել ենք ժողովրդավարական պետություն, սակայն դժբախտաբար, շարունակում ենք վարել այն արտաքին քաղաքականությունը, որն իրականացնում էր նախորդ ավտորիտար իշխանությունը:
Անցած 2 տարիներին մենք այս դահլիճում չենք լսել մեր արտաքին քաղաքականության վերափոխման անհրաժեշտության մասին ծրագրեր, թեզեր ու գաղափարներ: Մենք շարունակել ենք նախկին իներցիան՝ այն դեպքում, երբ ժողովրդավարացած ու վերափոխված Հայաստանը պետք է աշխարհի հետ հարաբերվեր ու խոսեր միանգամայն այլ՝ նոր լեզվով, նոր օրակարգերով ու նախաձեռնություններով:
Ապրում ենք մի իրավիճակում, երբ խորհրդարանը պետք է ձգտի համարժեք լինել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերներին ու խնդիրներին: Մեր այս հավաքական անլիարժեքությունը իրողություն է, որից պետք է ոչ թե փախչել, այլ դուրս գալու, հաղթահարելու ուղիներ գտնել: Այդ ուղիներն կան ինչպես այստեղ՝ խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս: Բազմաթիվ առողջ միավորներ ու անհատներ կան: Դրանք այն անհատներն ու միավորներն են, որոնք մտահոգ են անցյալ տարի սկիզբ դրված պատմական հնարավորության շարունակականությամբ և որոնք պատրաստ են ամեն ինչ անել՝ հանուն այդ վերափոխումների շարունակականության ու վերջնական հաղթանակի:
Ես այլևս անկախ պատգամավորի կարգավիճակում ամեն ինչ անելու եմ՝ այդ սուրբ նպատակը իրականացնելու նպատակով անհրաժեշտ ուժերին համախմբելու ու նրանց ներուժը ի բարօրություն Հայաստանի, ՀՀ պետականությանն ու հայ ժողովրդին ծառայեցնելու համար»,- իր ելույթում ասաց Արման Բաբաջանյանը: