Search
Close this search box.

Արթուր Ղազինյան. Ֆեյսբուքյան «պիցցաներով շները» կազմ ու պատրաստ են հարձակվելու

Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայաստանում խոսքի ազատութունը սահմանափակված է, իսկ հայկական մեդիա դաշտը դարձել է հասարակական կարծիքի մանիպուլացման գործիք:

Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացների ակտիվ մասնակիցների համար գաղտնիք չէ, որ ամբողջ մեդիա դաշտը բաժանված է հիմնականում 2 ծայրահեղ բևեռի. իշխանական և ընդդիմադիր:

Իշխանական լրատվամիջոցներ են հանդիսանում Հանրային հեռուստաընկերությունը, «Ազատություն» ռադիոկայանը, «Շանթ» հեռուստաընկերությունը, «www.1in.am» և նման այլ միջին ու մանր այլ լրատվականներ, որոնք գործում են ինտերնետ տիրույթում:

Ֆեյսբուքյան տիրույթում դոմինանտ դիրքեր են հաստատել «հեղափոխական» խմբերն ու էջերը, որոնց օժանդակում ու հոսանքին լրացուցիչ էներգիա են հաղորդում մոտ 10.000 ֆեյք օգտատերերը: Հատուկ «հեղափոխության» նպատակով արևմտյան որոշ ֆոնդերի ֆինանսավորմամբ, բացվել են մոտ 20.000 կեղծ հաշիվներ, որոնք ատելություն, թշնամություն ու անհանդուրժողականություն են սերմանում սոց. ցանցերում:

Արմատական ընդդիմության լրատվամիջոցների համբավ ունեն TV5-ը, «Երկիր Մեդիա», «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունները, և մի շարք ինտերնետ լրատվականներ:

Միայն այդ լրատվականների էջերին հայտնվելը բավական է «սև, հակահեղափոխական, car u naxandz, ռոբասերժական» որակվելու համար, դե իսկ եթե մի թեթև քննադատես իշխանությանը, ապա դա դառնում է հաստատված փաստ՝ անկախ մտքերի, գնահատականների և գաղափարների բնույթից, խորությունից և ճշմարտացիությունից:

Բաժանելով մեդիան 2 մասի, իշխանությունը իր համար անցանկալի ընդդիմախոսների առջև փակում է եթերը՝ հրահանգելով իր քարոզիչներին չհրավիրել նրանց եթերի և չտրամադրել խոսափող, նպատակ ունենալով արգելափակել տարբերվող և հակառակ կարծիքի ներկայացումը իրենց ենթակայության տակ գտնվող, նաև իմ, որպես հարկատու, կողմից ֆինանսավորվող հեռուստաընկերության եթերում:

Արդյուքում, իշխանության պաշտոնական գծից շեղվող ցանկացած խոսք հայտնվում է նախկին իշխանություններին պատկանող հեռուստաընկերությունների եթերում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Որպես այդպիսի հետևանք, հանրության լայն զանգվածներին այդ ընդդիմադիր գործիչները ներկայացվում են որպես նախկին իշխանության պաշտպաններ և աջակիցներ:

Նույնիսկ եթե իշխանական լրատուները ընդդիմությանը հրավիրում են եթերի, ապա դա կազմակերպում են այնպես, որ քեզ ներկայացնեն որպես նախկինների, մասնավորապես Ռ. Քոչարյանի պաշտպան և աջակից:

Դե իսկ ֆեյսբուքյան ֆեյքերի «պիցցաներով շները» կազմ ու պատրաստ են հարձակվելու և արհեստական ստեղծած տպավորությունը հաստատելու համար:

Սա շատ վտանգավոր մեթոդ է, քանի որ քաղաքական դաշտը տանում է դեպի ծայրահեղ բևեռացման՝ ատլելության ու թշնամանքի անթույլատրելի դոզայով:

Առաջիկայում կներկայացնեմ մեդիա մանիպուլյացիայի մեկ ցայտուն օրինակ, որ պատահել է անձամբ ինձ հետ և դուք, հուսով եմ, կհասկանաք, թե ում միջոցներով և հրահանգով, և ամենակարևորը, ինչ նպատակով է տարածվում թշնամությունն ու ատելությունը Հայաստանում:

Առաջարկում եմ սա պայմանական անվանենք Մեդիա լյուստրացիա: