Search
Close this search box.

«Ադրբեջանական լվացքատնից» մինչև վիզաների ազատականացում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, ԳԴՀ ներքին գործերի նախարարության Էմիգրանտների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնակատար, Բունդեսթագի պատգամավոր Հարթմուտ Քոշիկին եւ Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Մայերին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների խորհրդարանականներն անդրադարձել են նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին:
ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում անդրադարձ է կատարվել նոյեմբերին՝ Արեւելյան գագաթաժողովի շրջանակում, Բրյուսելում ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրմանը, Եվրոպական միության հետ կապերի խթանման Հայաստանի պատրաստակամությանը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային կայունությանը: Արմեն Աշոտյանն այս համատեքստում ներկայացրել է նաեւ Եվրոպայի հետ Վիզաների ազատականացման գործընթացը եւ նշել, որ քայլերի տրամաբանական հաջորդականությամբ պայմանավորված՝ Հայաստանը պատրաստ կլինի միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ եւս:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը մեծապես կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նշանակությունը, ինչպես նաեւ Գերմանիայի հավասարակշռված դիրքորոշումն այս հարցում: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումներին եւ նշել, որ դեպքի առնչությամբ անհրաժեշտ է իրականացնել համապարփակ եւ լիակատար ուսումնասիրություն` թե’ միջազգային եւ թե’ ազգային խորհրդարանների հեղինակությունը կոռուպցիոն սկանդալներից զերծ պահելու եւ մաքրելու համար: