Search
Close this search box.

Թեժ քննարկում իշխանության ներսում․ Ամուլսարը միակ թեման չի եղել. մանրամասներ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ հանդիպումներն օրենսդիրի եւ գործադիրի անդամների հետ շարունակվում են: Երեկ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում էր հավաքել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Եվ ինչպես հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկման հիմնական թեման եղել է Ամուլսարի հանքի շահագործումը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դա հանդիպման միակ թեման չի եղել, եւ մեզ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է նաեւ Նիկոլ Փաշինյանի` «Սասնա ծռեր»-ի անդամների հետ հանդիպման հարցը, որը մտահոգել է պատգամավորներից մի քանիսին, սակայն Փաշինյանը հանգստացրել է նրանց՝ ասելով, որ 7 ամիս նրանք ցանկացել են հանդիպել, դրա համար հանդիպեցին։ Եվ արդեն այդ թեմայից հետո թեժ քննարկումը եղել է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Ամուլսարի հանքի շահագործմանը կրկին դեմ են արտահայտվել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Միքայել Զոլյանը եւ մի քանի այլ պատգամավորներ: Ըստ մեր տեղեկությունների` Ն. Փաշինյանը նշել է, որ ինքն էլ դեռ հստակ չի կարող ասել` հարցին ինչ լուծում է տրվելու, բայց բացատրել է, որ իրավական առումով որեւէ բան չեն կարող անել:

Փաշինյանը հավելել է, թե, ըստ փաստաթղթերի, հանքի շահագործումը եթե լինի, ապա լինելու է 2020 թվականի կեսերին: Ըստ մեր տեղեկությունների` դեռ 8 ամիս հանքը չի շահագործվելու, քանի որ այնտեղ պետք է նախ շինարարական գործընթացներ սկսվեն, այնուհետեւ ստեղծվեն այն պայմանները, որոնք թույլ կտան հանքի շահագործումը»: