Search
Close this search box.

«50 հոգի եղել են հաշմանդամ և 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչի՞ եք էդքան փող ծախսել».Մուրադյանը` Արսեն Թորոսյանի հայտարարության մասին

Բարձրագույն պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է հանգիստ լինի և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի: Այս մասին ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` պատասխանելով Factor.am-ի այն դիտարկմանը, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղիղ եթերն ընդհատել է Արմեն Մուրադյանի կողմից ուղղորդված բժիշկ, ուռուցքաբան Գևորգ Թամամյանը:

Մուրադյանի խոսքով` Գևորգ Թամամյանը պայծառ, ազատամիտ և ճշմարտախոս բացառիկ բժիշկ է և ունի ձևավորված կարծիք:

«Պետք չի բոլորին համեմատել ու վիրավորել, ուղղակի պետք է ավելի քննադատաբար տեսնել գործողությունները և լսել քննադատություններն ավելի ադեկվատ: Կարծում եմ` այստեղ ադեկվատության խնդիր կա»,- ասաց առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:

Factor.am-ի դիտարկմանը, որ Արսեն Թորոսյանն իր ուղիղ եթերում պնդել է, թե տեղեկություններ կան, որ այս իշխանությունները Մուրադյանին ցանկանում են ազատել ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնից, իսկ վերջինը Թամամյանի միջոցով փորձում է խուսափել դրանից, Մուրադյանը պատասխանեց.

«Ես բազմաթիվ պաշտոններ եմ ունեցել, ամենաթանկ պաշտոնն այս երկրում սպիտակ խալաթով ժողովրդին ծառայելն է եղել և երբեք, որևէ պաշտոնից կառչած չեմ եղել՝ առավել ևս` արժանապատվության հաշվին: Եթե բաց քննարկում է գնում, թե ինչ է պատահել իմ և պարոն Թորոսյանի միջև, ապա կարող եմ հայտարարել:

«Զինվորի տուն» կենտրոնի հետ կապված մեկ տարի առաջ եղել է քննարկում, որի ընթացքում եղել է անթույլատրելի բառակապակցություն Թորոսյանի կողմից: «50 հոգի եղել են հաշմանդամ և 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչի՞ եք էդքան փող ծախսել», հայտարարել է նախարարը, որից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է և ընդհանուր ոչ մի կողմ, առհասարակ, չի կարող ունենալ»,- ասաց Մուրադյանը:

Նա նաև նշեց, որի չի կարծում, թե ցինիզմն ու ստախոսությունը և ոչ ադեկվատ քննադատությունները կարող են տեղ գտնել առողջապահության ոլորտում: