Search
Close this search box.

Երևանյան բուհն ավելի կարևոր էր, քան մարզայինը. Գագիկ Համբարյան

Ուսումնական տարեսկզբից օրեր առաջ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ԺՊ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական է տվել բուհում ստեղծված իրավիճակի և իր դոկտորական ատենախոսության հետ կապված սկանդալի պատճառով… Որքան հասկանում եմ, ի տարբերություն ոմանց, պարոն Հայրապետյանը պարկեշտ անձնավորություն է և աթոռից կառչած չէր…
Հետաքրքիր է, իսկ ինչու՞ պարոն Արայիկ Հարությունյանը նույնաբովանդակ հանդիպում չի ունենում Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի հետ, որը նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ակտիվ անդամներից է, նրա հանցակիցը շատ ապօրինություններում… Մեկ տարի ղեկավարելով բուհը` պարոն Սերոբյանը ապացուցեց, որ բացարձակ չի հասկանում բուհի կառավարումից, բայց յուրահատուկ ձևով սրում է բուհի աշխատակիցների միջև միջանձնային հարաբերությունները, շարունակում է իրեն դատավոր զգալ՝ ցեխ շպրտելով մարդկանց կենսագրության վրա և մեկ տարի շարունակ, իր “ուսուցչի” պաշտոնից հեռանալուց հետո, նույն ոճով ղեկավարում է բուհը, բարեկամներին տեղավորում համալսարանում…
Պարոն Սերոբյանի որոշ յուրայիններ՝ հատկապես մի քանի ամբիոնների վարիչներ, ըստ ցանկության են ժամանում աշխատանքի, որը “չի նկատվում” ռեկտորի ԺՊ-ի կողմից, սակայն Երվանդ Սերոբյանը շատ է սիրում ուրիշների անուններն անհարկի շահարկել, որի պատասխանն իրեն ուշացնել չի տա…
Հավելեմ նաև, որ պարոն Սերոբյանի անգործության վերաբերյալ քրեական գործ է հարուցված և ընթանում է նախաքննություն, ինչի պատճառով էլ դեռ չեմ կարող մանրամասն ներկայացնել դասախոս Երվանդ Սերոբյանի գործունեության հետ կապված սկանդալային և խայտառակ պատմությունը…
Պարոն Սերոբյանի գործունեության բացասական գնահատականի մասին նշվել է նախարար Հարությունյանին ուղղված ՇՊՀ-ի գիտական խորհրդի կոչի մեջ, որտեղ բուհի խնդիրները ներկայացվել են որպես վատ ղեկավարման հետևանք…
Մի՞թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այս ամենից տեղյակ չէ, թե քանի որ ՇՊՀ-ն մարզային բուհ է, կարելի է նրա խնդիրներին մատների արանքից նայել և չվիրավորել որոշ մտերիմների, ովքեր կանգնած են Սերոբյան Երվանդի թիկունքին…

Գագիկ Համբարյան