Search
Close this search box.

Այսօր Արցախի անկախության օրն է

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրն է։ 28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2–ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրապետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորմանմասին հռչակագիր ընդունեց՝ համապատասխան ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Այդ օրվանից սկսվեց Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:

Ավելի ուշ, օգտագործելով ինքնուրույն հանրաքվե անցկացնելու և սեփական պետաիրավական կարգավիճակի մասին հարցադրման իրավունքը, որն ամրագրված է միութենական օրենսդրության մեջ, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության անկախության մասին հանրաքվե անցկացնելու շուրջ: 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեին, որն անցել է տարբեր տեսակի զենքերից հայկական բնակավայրերի անդադար հրետակոծության ներքո, մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը: Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքները, նրա ժողովրդավարական և թափանցիկ լինելը հաստատել էին արտասահմանյան անկախ դիտորդները:

Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունն իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և նրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում: