Search
Close this search box.

Հիշողություններ ապագայից 2019թ. սեպտեմբերի 28

Իմ քայլը» խմբակցության նիստն է, բայց այն վարում է ոչ թե խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ոչ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ Աննա Հակոբյանը: Խմբակցության անդամները վախվորած նայում են Հակոբյանի ուղղությամբ: «Քանի մարդ է մնացել ֆրակցիայում»,-հարցնում է տիկին Հակոբյանը: Սենյակում քար լռություն է:

«Ինչ է, ես պետք է հատ-հատ բոլորիդ հաշվեմ»: Նորից ոչ մի ծպտուն չկա: Հակոբյանը ստիպված ինքն է հատ-հատ հաշվում նստածներին: Երբ հասնում է 67-ին՝ խորը շունչ է քաշում. «Դեռ մեծամասնություն ունենք» թեթևացած մտածում է ինքը ու մեկ էլ հիշում, որ իրեն էլ է հաշվել:

«Այսքանդ եք մնացել, թե բացակա մարդ կա», նորից հարցնում է Հակոբյանը, բայց արդեն մեղմ ձայնով՝ հասկանալով, որ խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի: Բայց էլի ոչ մի ձայն: Մոտենում է առաջին շարքում նստած Լիլիթ Մակունցին ու ձեռքից բռնած վեր բարձրացնում. «Դու ինչի չես խոսում»:

«Բայց տիկին Հակոբյան, դուք չեք ասել, որ ձեր ներկայությամբ ոչ մեկ ձայն չհանի»-մեղք գործած ու տեղում բռնվածի նման ասում է Մակունցը: Աննա Հակոբյանը հիշում է, որ նման հրահանգ տվել է, բայց որոշում է հրահանգը չեղյալ չհայտարարել.«Հա, ես եմ ասել ու դա շարունակում է ուժի մեջ մնալ»:

Մի երկու քայլ հետ է գնում և նստում խմբակցության ղեկավարի աթոռին, մի քիչ սպասում է, հետո ոտքի կանգնելով`ասում. « Եթե անգամ ֆրակցիայում մի մարդ էլ մնա՝ Նիկոլ Փաշինյանը, մնալու է վարչապետ: Մտածեք, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, մեկ է՝ մենք ենք հաղթելու, մինչև 2050թ. իշխանությունը ոչ մեկին չենք հանձնելու: Ականջներիդ օղ արեք ու հետևեք իմ հետագա կարգադրություններին»: