Search
Close this search box.

Տավուշի մարզի 4 համայնքների դպրոցներն առաջին դասարանցի չեն ունենա

Մեկնարկող ուսումնական տարում Տավուշի մարզի թվով 4 համայնքների դպրոցներ առաջին դասարանցի չեն ունենա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետի մամուլի խոսնակ Գագիկ Աղբալյանը:

«Լուսահովիտ, Աճարկուտ, Ակնաղբյուր և Բարեկամավան գյուղերի դպրոցներն այս տարի առաջին դասարան չեն ունենա: Նշված գյուղերը փոքր գյուղեր են, որոնք ժամանակ առ ժամանակ չեն ունենում առաջին դասարանցիներ:

Աճարկուտը սահմանին մոտ է, Կիրանցին հարևան գյուղ է, որի դպրոցում օրինակ 9 աշակերտ է սովորում, Բարեկամավանը սահմանային գյուղ է, որի դպրոցն ունի ընդամենը 16 աշակերտ, Ակնաղբյուրը մոտ է Իջևան քաղաքին, և երբեմն ծնողները գերադասում են իրենց երեխաներին տանել Իջևանի դպրոցներից որևէ մեկը, իսկ Լուսահովիտը մոտ է Խաշթառակ գյուղին, և կան դեպքեր, որ ծնողները իրենց երեխային տանում են Խաշթառակ՝ հաշվի առնելով, որ երեխաները քիչ են, և մտածում եմ, որ ավելի լավ է՝ մեծ կազմով դասարաններ գնան»,-ասաց նա:

Գագիկ Աղբալյանը նշեց, որ Լուսահովիտում մեկ երեխա կա, ով սեպտեմբերի 1-ին պետք է դպրոց գնա, բայց նրա ծնողները դեռևս չեն որոշել երեխային տանել Խաշթառակ, թե Լուսահովիտի դպրոց առաջին դասարան ճանապարհեն:

Մարզպետի մամուլի խոսնակը նշեց, որ մարզում չունեն դպրոց, որտեղ մեկական աշակերտ կա առաջին դասարանցի: «Մարզի 76 հիմնական դպրոցից 26-ն ունի 50-ից ավելի քիչ թվով առաջին դասարանցի: Ընդհանրապես դպրոց հաճախող աշակերտների թվի դինամիկան վերջին 3-4 քանի տարում դրական է, կան դպրոցներ, որ կարող է նվազում լինի, կան, որ աճ, բայց մարզի ընդհանուր պատկերի մասին, որ խոսենք, դինամիկան դրական է»,-ասաց նա:

Նշենք, որ Տավուշի մարզին Հայաստանի պետական սահմանից բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 350-ը՝ Ադրբեջանի հետ, 50 կմ-ը՝ Վրաստանի։ Մարզն ունի 4 քաղաքային և 60 գյուղական համայնքներ: