Search
Close this search box.

Աննախադեպ անաչառ ընդունելության քննություններ` «Ռոմանոս Մելիքյանում»

Այս տարի Ռ․ Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում ընդունելության քննություններն անցել են  աննախադեպ կարգով։ Տարբեր մասնագիտություններով ընդունող հանձնաժողովների կազմում քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի հրավերով ընդգրկվել են ոլորտի լավագույն արտիստներ։ Հրավիրված կազմով հանձնաժողովներ ստեղծելու նպատակը եղել է թափանցիկ ու արդար ընդունելություն կազմակերպելը։

Մխիթարյան Աննայի որդին՝ Արամը, քննություն է հանձնել երգեցողություն բաժին ընդունվելու համար.

«Դեռ քոլեջի շեմից, գործերն ընդունող հանձնաժողովի վերաբերմունքից արդեն դրական տպավորություն ստացանք։ Աննկարագրելի ջերմ, բարյացակամ, յուրաքանչյուր երեխայի հանդեպ  առանձնահատուկ ուշադիր ու համբերատար վերաբերմունք։ Քննության օրն էլ ավելի տպավորիչ էր․ չեք պատկերացնի՝ երեխայի ոգևորությունը, երբ հանձնաժողովի կազմում տեսել էր Ռուբեն Մաթևոսյանին, Գևորգ Հակոբյանին։ Այդ անվանի երգիչների ներկայությունը հանձնաժողովի կազմում մեզ համար իսկական անակնկալ էր։ Նրանք էլ շատ սիրալիր էին։ Շատ շնորհակալ եմ թե՛ տնօրինությանը, թե՛ հանձնաժողովի անդամներին նման բարձր մակարդակի ընդունելություն անցկացնելու համար»։

Գոհության նման խոսքեր հնչեցրին շատ ծնողներ։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը ևս փաստեց, որ ընդունելության քննությունները անցել  են թափանցիկ, հաճելի մթնոլորտում:

«Ազատ արտահայտեցինք մեր կարծիքները, բոլոր դիմորդները  ներկայացրին իրենց պատրաստած ծրագրերը: Ուրախալի է, որ դիմորդները  ոչ միայն Երևանից  էին,այլև  մարզերից:

Ընդհանրապես, այս տարվա  ընդունելությունը «Ռոմանոս Մելիքյանում» էականորեն տարբերվում է նախորդ տարիներից։ Այս տարի քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի հրավերով մասնագիտական ընդունող հանձնաժողովներում ընդգրկվել էին իրենց ոլորտներում մեծ վաստակ ունեցող արտիստներ, ովքեր չեն դասավանդում քոլեջում։ Երգեցողության հանձնաժողովի կազմ են հրավիրվել ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյան, Օպերայի ու բալետի թատրոնի առաջատար մեներգիչ, վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը: Փողային և հարվածային գործիքների քննության հանձնաժողովի նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր զինվորական դիրիժոր,ՀՀ վաստակավոր արտիստ  Արմեն Պողոսյանն է, ժողովրդական գործիքների հանձնաժողովի նախագահը Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի դիրիժոր Աշոտ Պետրոսյանը։

Քոլեջում չաշխատող և իրենց ոլորտում բարի համբավ վայելող մասնագետներին հրավիրելով՝ քոլեջի տնօրինությունը նպատակ է ունեցել կազմակերպել բացարձակապես անաչառ ու արդար քննություններ։

Հանձնաժողովների նախագահներից ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Պողոսյանը բարձր գնահատեց քննությունների կազմակերպման մակարդակը «Կարճ ժամանակում կատարված փայլուն աշխատանք եմ տեսնում, կազմակերպչական բարձր մակարդակ` դիմումներն ընդունելուց  սկսած մինչև քննության անցկացնումը։ Դիմորդների քանակն էլ է շատ դա ուրախացնում է։ Փողային ու հարվածային գործիքների 12 տեղի համար դիմել են 20 հոգի:Պիտի ասեմ՝ դժվար ընտրության առաջ ենք կանգնել բոլորն էլ լավն են, արժանի իրենց ուսումն այստեղ շարունակելու։ Եթե լինեին բավարար քանակի տեղեր, բոլորին էլ  կընդունեինք»։

Փողային և հարվածային գործիքների հանձնաժողովի անդամ, քոլեջի դասախոս, դոցենտ, շեփորահար Կոլյա Մարտիրոսյանը հանձնաժողովում ընդգրկված է եղել անցյալ տարի ևս «Անցյալ տարի մեր բաժնին 6 տեղ էր հատկացվել, ու դիմորդներն էլ ընդամենը 6-ն էին։ Իսկ այս տարի մենք ընտրելու հնարավորություն ունենք, դա, իհարկե,  ուրախալի փաստ է»։

 Քոլեջի դասախոսներից տրոմբոնահար Պարգև Աղաբեկյանը շեշտեց «Մենք ընդունում ենք լավագույններին ու մեր՝ դասախոսներիս աշխատանքն է, որ նրանց հասցնենք իրենց նպատակներին։ Կարևոր է, որ մրցակցություն կա արդեն, դա լավ է, դա մեզ իսկապես լավագույններին ընտրելու հնարավորություն է տալիս»։

Մրցակցությունը այս տարի շատ ավելի մեծ է երգեցողության և ժողովրդական գործիքների բաժիններում։ Երգեցողության համար 9-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար հատկացված 32 տեղի համար մրցում է 81, իսկ ժողգործիքներում 25 տեղի համար՝ 78 դիմող։ Ճիշտ է՝ այս բաժինները միշտ էլ ավելի շատ դիմումներ են ունեցել, բայց այս տարվա դիմումները քանակով կրկնակի գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշներին։

 Ի դեպ՝ եթե նախորդ տարիներին թափուր տեղեր էին մնում դաշնամուր ու լարային գործիքներ բաժիններում, և ընդհանրապես դիմող չէր լինում երգչախմբավարության ու երաժշտության տեսության բաժիններ, ապա այս տարի դիմումներ եղել են նաև այդ բաժիններում։

 Քննություններին ներկա մասնագետների խոսքով՝ նման բարձր դիմելիությունը, որը պայամանավորված է նաև քոլեջի նոր տնօրենի հանդեպ  վստահությամբ, պարտավորեցնում է անել ամեն ինչ որակյալ կրթություն ապահովելու համար։

 «Քոլեջում շատ խնդիրներ կան, որոնք ժամանակի ընթացքում պետք է շտկենք»,-ասաց քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը։

Խնդիրները, որոնք նա ժառանգել է շատ են, բայց հավատում է, որ պետական աջակցությամբ ու բարեգործական ընկերությունների օժանդակությամբ աստիճանաբար կլուծվեն բոլորը։

Քոլեջի տնօրեն Վարազդատ  Խաչումյանի խոսքով՝ սահմանափակ տեղերի պատճառով դուրս են մնացել  նաև տաղանդավոր դիմորդներ,որոնց ծնողները բնականաբար դժգոհ են մնացել, գուցե և  ինչ-ինչ պատճառներով հիասթափվել:

Նա հույս ունի, որ հաջորդ տարի նախարարությունն ավելի շատ տեղեր կհատկացնի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջին:

«Ես սիրով բոլոր ծնողներին, ովքեր դժգոհ են  մնացել, ընդունել եմ, անձամբ եմ զրուցել նրանց հետ և բացատրել, թե ինչն է պատճառը,որ նրանց երեխաները դուրս են մնացել մրցակցությունից»,-ասաց Վ. Խաչումյանը:

Տնօրենը նաև շեշտեց, որ ընդունելության քննությունների ողջ ընթացքը տեսանկարահանվել է, ինչը ևս կարող է փաստել, որ քննություններն անցել են թափանցիկ: