Search
Close this search box.

Արտառոց դեպք Երևանում. շինարարներից մեկը մկրատի բազմաթիվ հարվածներ է հասցրել մյուսին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ, որի մարմնին բազմաթիվ վնասվածքներ են եղել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա հիվանդանոց է տեղափոխվել Մյասնիկյան պողոտայում գտնվող կիսակառույց շինության տարածքից, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում:

Ըստ լուրերի՝ ոստիկանները պարզել են տեղի ունեցածի մանրամասներն ու բերման ենթարկել շինարարական աշխատանքներ կատարող 37-ամյա մի տղամարդու: Վերջինս ու հիվանդանոց տեղափոխված տղամարդը շինհրապարակում վիճել են:
Այդ ընթացքում 37-ամյա տղամարդը վերցրել է երկաթե ամրան կտրելու համար նախատեսված մեծ մկրատն ու բազմաթիվ հարվածներ հասցրել գործընկերոջ մարմնի տարբեր մասերին: Ներկաները միջամտել են, վերցրել մկրատն ու ահազանգել շտապօգնություն:

Կայքի տեղեկություններով՝ տուժածը վերակենդանացման բաժանմունքում է: Բժիշկներին հաջողվել է փրկել տղամարդու կյանքը: