Search
Close this search box.

Ո՞ւմ որդին է ինքնասպանություն գործած զինծառայողը. Նոր մանրամասներ զարհուրելի դեպքից

Այսօր առավոտից պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդած զարհուրելի լուրը արագ տարածվեց համացանցով՝ Գյումրիում, հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի ծառից կախված դին:

«Հրապարակի» տեղեկություններով, Սամվել Մեջլումյանը Գյումրիում հայտնի ընտանիքից է: Նրա հայրը՝ Գառնիկ Մեժլումյանը, Գյումրիի քաղաքապետարանի փողային նվագախմբի դիրիժորն է: «Նա պարկեշտ, «շնորքով» մարդու համբավ ունի», — ասաց մեր զրուցակիցը Գյումրիից:

Սամվել Մեժլումյանի մասին հայտնի է, որ նա ՊՆ համակարգում ծառայում էր 2009 թվականից, ավարտել էր Երևանի կոնսերվատորիան:

Նրա վերջին գրառումը հայտնի սոցցանցում եղել է Աստծո մասին: Քրիստոսի նկարի տակ հուլիսի 19-ին Սամվելը գրել է. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ»:

Քաղաքում վարկած է պտտվում, որ ենթասպան կյանքին վերջ է տվել զորամասում ունեցած խնդիրների պատճառով: Չի կարելի բացառել, որ կատարվածը ինքնասպանություն չէ:
Քրեական գործ այս պահին հարուցված չէ:

«2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր», — հայտնում է Քննչական կոմիտեն: