Search
Close this search box.

Հանգուցյալի դին դիահերձարանից դուրս է բերվել անճանաչելի փոխված․ Ծովակ գյուղի բնակիչները սպառնում են ճանապարհ փակել

Այսօր՝ օգոստոսի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamhsyan.com-ը:

Գյուղի ավելի քան 150 բնակիչներ սպառնում են ի նշան բողոքի փակել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Վարդենիս մտնող գլխավոր ճանապարհը:

Լրատվամիջոցին բնակիչները պատմել են, որ դիահերձարանում որեւէ նորմալ պայման ապահոված չէ . «Ո՞ւր են նայում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ինչո՞ւ չեն բարեհաճում գոնե մեկ անգամ այցելել Վարդենիսի հիվանդանոց, Վարդենիսի դիահերձարան ու սեփական աչքերով տեսնել այն «բարդակ» վիճակը, որը տիրում է դիահերձարանում:

100 մետրից անգամ չես կարող մոտենալ դիահերձարանին: Հակասանիտարական վիճակի պատճառով մարդ սրտխառնոց է ունենում: Տարրական ոչ մի պայման չկա: Ոչ սառնարանայինն պայմաններն են գործում, ոչ էլ՝ կոմունալ: Դատական բժիշկը ասես դի խոշտանգող լինի: Հուլիսի 31-ին մեր գյուղի բնակիչ, 82-ամյա Օսան Սարդարյանը մահացավ, և առավոտյան 9-ի կողմերը դին տեղափոխեցինք Վարդենիսի դիահերձարան: Ավելի լավ է, չտեղափոխեինք ու նրա դին այլանդակված չտեսնեինք»։

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ դեռեւս ճանապարհ չեն փակի՝ ակնկալելով, որ առողջապահության նախարարությունը, ոստիկանությունն ու գլխավոր դատախազությունը օրերի ընթացքում քննություն կկատարեն և ջրի երես կհանեն այս իրավիճակի պատասխանատուներին: