Search
Close this search box.

Նախարարը սոցիալական խնդիրները թողած, խոսում է սեքսի մասին. Գեւորգ Պետրոսյան

Կրթության եւ գիտության գործող նախարարի առայժմ միակ քայլը, որի մասին ամբողջ հասարակությունը խոսեց, պատվավոր հանգամանքներում Կարաբինային ընդունելն էր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Ես՝ որպես կրթության բնագավառի մարդ, որ ցանկանամ հիշել, թե այս մեկ տարում կրթության ոլորտում ինչ է արվել, ոչ մի բան էլ չի արվել: Ասենք ի՞նչ գործ ունեն կրթության նախարարն ու Կարաբինան իրար հետ, ի՞նչ են էլի քննարկել, ինձ դա հետաքրքրում է։ Հիմա ես, եթե ցանկանամ մտնել կրթության նախարարի մոտ, հնարավոր է՝ 3 օր հերթ կանգնեմ։

Առողջապահության նախարարին դիմել էի ընդունելության համար, ինձ քաղաքացի էր ահազանգել, որ հոգեբուժարան տանելու ենթակա մարդ կա, բայց ոչ մի հոգեբուժարան չի ընդունում, առողջապահության նախարարը երեք օր հետո նամակով պատասխանեց, որ կներեք, ուշացումով եմ արձագանքում, ես երկրում չեմ եղել: Բայց եթե Կարաբինան զանգի, 3 րոպեից իրենց կաբինետում կլինի»,– նշեց նա։

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ Եվրոպայից դրամաշնորհ են ստանում, այդ պատճառով պաշտոնյաները պաշտպանում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարող նման մեղադրանք հնչեցնել, ինչքան էլ սուր եմ խոսում, բայց չեմ կարող հիմքից կտրված հայտարարություն անել ու ասել, որ կառավարությունը Եվրոպայից գրանտ է ստանում, դրա համար էլ Կարաբինան իրեն զգում է այնպես, ինչպես ձուկը ջրում:

Բայց չի բացառվում, որ կան մարդիկ, գուցե եւ պաշտոնյաներ, ովքեր լռում են, որովհետեւ իրենք զսպաշապիկ ունեն: Հարցն այն չէ, որ փող են ստանում, հարցն այս երկրում նման վտանգավոր կատեգորիաների ակտիվացումն է»։

Գեւորգ Պետրոյանի համար գոհացնող չէ նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի աշխատանքը. «Մենք չունենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որ նախարարն էլ իրեն շռայլություն թույլ տա եւ, սոցիալական ապահովության խնդիրները թողած, խոսի սեքսի մասին»։