Search
Close this search box.

Մահացել է Արձագանք խմբի երգիչ Վահե Դավթյանը

Մահացել է 90-ականների ճանաչված երգիչ, երաժիշտ Վահե Դավթյանը. նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել:

«Ցավ ենք ապրում, մեր սիրելի Վահե Դավթյան ջան»,-գրել է երգչուհի Արփինե Բեկջանյանը:

Ստորև ներկայացնում ենք Վահեի վերջին գրառումներից մեկը, որը նա կատարել էր հուլիսի 20-ին.

«Բուժման արդյունավետությունը պարզելու նպատակով վերջերս կատարված հետազոտության արդյունքներն այնքան էլ հուսադրող չէին. ուռուցքը որոշակի չափով աճել է, սակայն չի տարածվել և մետաստազներ չկան առայժմ։
Աճը կանխելու նպատակով բժիշկներն առավել ագրեսիվ միջամտություն առաջարկեցին՝ զգալիորեն բարձրացնելով քիմիաթերապիայի բաղադրիչների ուժգնությունը։
Հուլիս ամսի սկզբին ընդունեցի առաջարկված քիմիայի կուրսը, սակայն օրգանիզմիս ցածր դիմադրողականության պատճառով, այն մեծ վնաս հասցրեց՝ առաջ բերելով սրտի անբավարարություն և շնչառական խնդիրներ, իսկ արյան հետազոտության ցուցանիշներն արձանագրել էին հեմոգլոբինի և սպիտակ գնդիկների խիստ պակաս։

Գնահատելով իրավիճակը, բժիշկները կտրականապես արգելեցին բուժումը շարունակել քիմիաթերապիայի ճանապարհով։

Ելնելով ստեղծված իրավիճակից, անիմաստ է դառնում Ֆրանսիայում մնալը, ուստի որոշում ենք կայացրել վերադառնալ հայրենիք և շարունակել պայքարը այլընտրանքային բուժման մեթոդներով և ամերիկյան կենսաբանական թերապիայի նորագույն մեթոդներով, որոնց կիրառումը դեռևս արգելված է Եվրոպայում։

Այժմ բոլոր ջանքերն ուղղված են ավանդական դեղաբույսերով ու ճիշտ սննդակարգի միջոցով իմունային համակարգս ամրացնելուն, որպեսզի հնարավոր դառնա հետագա բուժումը։

Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ բոլորիդ, որ կողքիս եք և շարունակում եք աջակցել ինձ։ Ձեր օժանդակությունն անգնահատելի է։
Մի քանի օրից կլինեմ տանը և վստահ եմ, որ հայրենի հող ու ջրի կենարարությունն ինձ վիթխարի ուժ և ապաքինվելու էլ ավելի մեծ հույսեր կներշնչեն։

Անսահման սիրում եմ բոլորիդ և աղոթում եմ ձեզ ու ձեր սիրելիների համար։

Ընդմիշտ ձեր Վահե Դավթյան»: