Search
Close this search box.

Ի պատասխան Գլխավոր դատախազության արձագանքին՝ «Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Շիրակի պետական համալսարանում» գրառմանս

ՀՀ գլխավոր դատախազությունը ի պատասխան իմ կողմից հուլիսի 30-ին facebook-յան էջումս կատարած “Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Շիրակի պետական համալսարանում” գրառմանս այսօր հայտարարությամբ է հանդես եկել…
Գլխավոր դատախազության պատասխանի մեջ բացահայտ երևում է Արթուր Դավթյանի ղեկավարած գերատեսչության նեղսրտութունը իմ գրառման վերաբերյալ…
Իսկ հիմա կպատասխանեմ պարոն Դավթյանի գերատեսչության վերջին պարզաբանմանը…
Պարզվում է` ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից համալսարանում թույլ տրված ապօրինությունների և հանցագործությունների մասին դատախազության տարածած հաղորդագրության մեջ տեղեկատվություն չի եղել, քանի որ (բառացի մեջբերում եմ)՝ “հաղորդագրությունը վերաբերել էր Շիրակի պետական համալսարանին առնչվող առերևույթ կոռուպցիոն այն չարաշահումներին, փաստական հանգամանքներին, որոնք առնչվում են հիմնականում 2011-2017թթ-ին”… Նախ, դատախազության հայտարարության մեջ որևէ ժամկետներ չեն նշվել, որ ես կամ այլ ընթերցողները հասկանան, թե հաղորդագրությունը որ ժամկետներին է վերաբերում… Հետաքրքիր է, ի՞սկ գլխավոր դատախազությունում չգիտեն, որ պարոն Մինսայնը ՇՊՀ ռեկտոր է դարձել 2016 թ-ի հուլիսի կեսերից և այդ պաշտոնից հեռացել է 2018 թ-ի մայիսի 18-ին… Եթե դատախազության հաղորդագրությունը պարունակել է մինչև 2017 թ-ը ներառյալ տեղի ունեցած չարաշահումների և անօրինականությունների մասին տեղեկությունները, ապա Սահակ Մինասյանի “քաջագործություններին” վերաբերող տեղեկությունները ևս պետք է տեղ գտնեին դատախազության տարածած հաղորդագրության մեջ… Ավելին` Գլխավոր դատախազության կողմից մատնանշված գրադարանի գրքերի ապօրինի օտարումը, որի վերաբերյալ ևս քրեական գործ է հարուցվել, տեղի է ունեցել 2017 թ-ին, ինչպես նաև բազմաթիվ այլ անօրինակնություններ ևս տեղի են ունեցել 2016 թ-ի հուլիսից մինչև 2017 թ-ի դեկտեմբերը… Ի՞նչ է նշանակում (բառացի մեջբերում եմ)՝ “հակասական փաստական տվյալներ են ստացվել «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն» և «Սոցոլոգիա» մասնագիտությունների գծով ծրագրերի իրականացման իրավաչափություն” արտահայտությունը, եթե ԿԳՄՍ նախարարությունում, ինչպես նաև ՇՊՀ-ում բոլորը գիտեն, որ որևէ կրթական լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնող բուհը պետք է ունենա համապատասխան մասնագիտության 3 գիտթեկնածու դասախոս, որը ՇՊՀ-ում խախտվել է ու խախտվում է մինչև հիմա… Անընդունելի է այդ ձևակերպումը, քանի որ դա պարզելու համար դատախազությանն անհրաժեշտ է ընդամենը 5 րոպե. համեմատություն է արվում լիցենզիաներում գրանցված դասախոսների և համապատասխան ծրագրեր մատուցող ամբիոնների դասախոսների միջև և շատ հեշտ պարզվում է, թե լիցենզիայում գրանցված մարդիկ արդյո՞ք դասավանդում են այդ ամբիոններում… Սակայն, ինչպես պարզվում է, մեր պրոֆեսիոնալ դատախազությունը մինչև հիմա այդ 5 րոպեանոց աշխատանքը չի կարողանում ի մի բերել և պրիմիտիվ այս կեղծիքի վերաբերյալ խոսում է “հակասական փաստական տվյալներ” եզրույթն օգտագործելով…
Հիշեցնեմ, որ Շիրակի մարզի դատախազի գրությամբ ես ու իմ գործընկերը ևս պետք է մասնակցեինք մասնագիտական փորձաքննության աշխատանքներին, ինչը տեղի չունեցավ: Գլխավոր դատախազությունը նաև պարզաբանում է, որ մինչև հիմա չեն ստացել փորձաքննությունների արդյունքները… Զարմանալի է, որ 2018 թ-ի նոյեմբերից մինչև հիմա՝ 9 ամսից ավել, չեն կարող պարզել, թե իրականում ինչ արժեք ունի պարոն Մինասյանի կողմից ձեռք բերված և բուհի “վզին փաթաթված” 14 միլիոն դրամանոց դիզելային գեներատորը, որի իրական գինը կարելի է իմանալ ,ասենք, list.am կայքի համապատասխան բաժնում…
Պարզվում է` Գլխավոր դատախազությունում շատ նեղսրտել են այն հանգամանքից, որ ես կասկածի տակ եմ վերցրել նրանց անաչառությունը Սահակ Միանսյանի հանդեպ և որոշ պրիմիտիվ պիտակավորումներով փորձում են դաս տալ “բացառապես առանձին անհատներիս”, որ լավ չեմ հասկացել,որ նրան վերաբերող գործը ևս ուղարկվել է ՀՔԾ…

Նախ, ես ունեմ բոլոր իրավունքները` կասկածելու դատախազության անաչառությանը, քանի որ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին իմ ու Հ. Խորիկյանի կողմից ուղղված ՇՊՀ-ում նախկին ռեկտորի կողմից գործած անօրինականությունների վերաբերյալ “բաց նամակից”, ինչպես նաև դրանից հետո իմ կողմից հրապարակված բազմաթիվ ապօրինությունների և հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները բացահայտ արհամարհվում էին դատախազության կողմից և սայլը տեղից միայն շարժվեց 2018 թ-ի մայիսին… Պատասխանեք` ինչու՞ դատախազությունը որևէ գործ չէր հարուցում այդ ընթացքում, եթե, օրինակ, գրադարանի գրքերի ոչնչացման վերաբերյալ տեղեկությունն իմ facebook-յան էջում տեղադրել եմ 2017 թ-ի սեպտեմբերի 27-ին… Ի՞նչն էր խանգարում դատախազությանը, որ հաջորդ իսկ օրը գործ հարուցեր, այլ ոչ թե գրառումիցս 8 ամիս անց… Ինձ համար, դատախազության ոլորտից շատ հեռու գտնվող մարդուս համար, դա շատ վաղուց է պարզ… Հավելեմ նաև, որ շատ լավ հասկացել եմ, թե ինչու է գործն ամբողջ ծավալով ուղարկվել է ՀՔԾ՝ այդ թվում նաև կրթական գործի Կոլումբոս Սահակ Մինասյանին վերաբերող ծավալը ևս… Հարգելի Գլխավոր դատախազությանն ասեմ, որ, ինչ վերաբերում է այն մտքին, թե ես (բառացի մեջբերում եմ)՝ “…լռել է նախորդող (կարդա մինչև 2017 թ-ը) այդ շրջանում կատարված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ”, ապա շատ ճիշտ եք նշում, որ դրանք “ենթադրյալ” են, իսկ Սահակ Մինասյանի կատարածները հաստատ են և դրանք ապացուցելը րոպեների խնդիր է ու հենց դրա պատճառով էլ վերջինիս կողմից գործած հանցագործությունների վերաբերյալ բարձրաձայնում եմ…Եթե գիտենայի նախորդների կողմից գործած իրական հանցագործությունների մասին, ապա անպայման կբարձրաձայնեի դրանց մասին ևս, չկասկածե՛ք… Բացի այդ, առանց իմ ակտիվության էլ, որքանով նկատում եմ այս պատասխանից, շատ շահագրգիռ եք, որ նախորդների կողմից գործած ենթադրյալ հանցագործությունները բացահայտվեն… Դե՛, բացահայտեք…
Ի դեպ, որպեսզի այսուհետ որևէ “կասկած” չհարուցի Գլխավոր դատախազության անաչառությունը, մի հարց.”Ինչու՞ մինչև հիմա քրեական գործ չի հարուցվել Համաշխարհային բանկի կողմից ՇՊՀ-ում անցկացվող ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում կեղծ մրցույթների անցկացման վերաբերյալ, որում ներգրավված են նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան-ակումբի որոշ անդամներ… Օրինակ՝ ինչպե՞ս կարող էր Հայաստանից բացակայող բուհի նախկին աշխատակիցը, որը 2017 թ-ի հուլիսից գտնվում է ԱՄՆ-ում, 2018 թ-ի հունվարին հայտ ներկայացնել և մրցույթի մասնակցել ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում, իսկ այդ ծրագրի շրջանակներում միլիոնավոր դրամներ հաղթած անձանցից, օրինակ՝ բուհի ստորաբաժանումներից մեկի տնօրեն Արմենուհի Սարգսյանը մրցույթին մասնակցելու հայտը ներկայացնելուց տարրականորեն կեղծել է անձնական տվյալները և հաղթել… Մինչև հիմա գործ հարուցված չէ… Ո՞վ է հովանավորում այդ կեղծարարներին…”:
Ինչ վերաբերում է Գլխավոր դատաղազ Արթուր Դավթյանի և ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ենթադրյալ հանդիպումների մասին լուրերին, ապա դրանք բավականին տարածված խոսակցություններ են անցյալ տարվա ամռանից սկսած, ինչի մասին ես տեղյակ էի պահել Շիրակի մարզի դատախազին…

Հ.Գ. Ի դեպ, դատախազության օբյեկտիվության մասին երկար-բարակ գրել պետք չէ, այլ պետք է ընդամենը արդար գործել, որ որևէ մեկի մոտ դատախազության սուբյեկտիվիզմի վերաբերյալ կասկածներ չառաջանան: Հիմա էլ ՇՊՀ-ում ապօրինությունները շարունակվում են, որոնցից շատերի հիմքը դրվել է Սահակ Մինասյանի կողմից և որքան նկատում եմ,դրանց վերաբերյալ բարձաձայնումները բավաական “նյարդային” է ընդունվում դատախազության կողմից…

Գագիկ Համբարյան