Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանի ընկերությունը 1 մլրդ դրամի հարկային պարտավորություն ունի. ՊԵԿ–ը դիմել է դատարան

Պետական եկամուտների կոմիտեն գրություն է ուղարկել Մանվել Գրիգորյանի գործով դատավորին՝ խնդրելով Մանվել Գրիգորյանի գույքերից մեկի վրա դրված կալանքը վերացնել, հնարավորություն տալ, որպեսզի ՊԵԿ–ն իրացնի այդ գույքը, վաճառի այն և գոյացած շուրջ 1 մլրդ դրամ հարկային պարտավորությունը վճարի։ Նշենք, որ խոսքը՝ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի գույքի և դրամական միջոցների վրա կալանք է դրվել քննիչի որոշմամբ, դեռևս նախաքննության ընթացքում։

Պարզվում է, որ դեռևս 2015թ. ՊԵԿ–ը ստուգումներ է իրականացրել հիշյալ ընկերությունում, ինչի արդյունքում «Արա եւ Այծեմնիկ» ընկերությանն առաջադրվել է 1 մլրդ 18 մլն դրամի հարկային պարտավորություն։

Համաձայն ՊԵԿ գրության՝ ընկերությունը չի բողոքարկել ստուգման ակտը, ինչից հետո դրա կատարումը հանձնարարվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը։ Արդյունքում 2019 թ. մայիսին ԴԱՀԿ–ում հարուցվել է կատարողական վարույթ՝ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ–ից հօգուտ պետական բյուջեի նշված գումարը բռնագանձելու վերաբերյալ։ Կատարողական վարույթի շրջանակներում արգելանքի է վերցվել «Արա եւ Այծեմնիկ» ընկերությանը պատկանող 47 շարժական և 93 անշարժ գույքը։ Վարույթի շրջանակներում, սակայն պարզվել է, որ ՀՔԾ–ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում նշված գույքը կալանքի տակ է դրված, ինչն արգելանք է հանդիսանում կատարողական վարույթի շրջանակներում պարտապան ընկերության գույքը հարկադիր աճուրդում իրացնելու համար։ Այսպիսով ՊԵԿ–ը դիմել է դատարանին՝ խնդրելով վերացնել «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ–ին պատկանող գույքի վրա կիրառված արգելանքը։