Search
Close this search box.

«Ձերբակալեք , թե գնդակահարեք միեւնույնն է այդ ժողովուրդը պիտի ազատվի այս հակասահմանադրական իշխանությունից»․ Սամվել Բաբայանի գրասենյակ

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Արդարադատությունը ցանկացած երկրի ներքին կյանքի օրինականության ապահովման երաշխավորն է։ Երբ արադարադատությունը բացակայում է սուտն ու կեղծիքը խարխլում են թե ներքին կյանքի կայունությունը, թե ժողովրդավարության հիմքերը, ինչի ականատեսն ենք մենք արդեն քսան տարի։ Երբ պետության արդարադատության համակարգը ղեկավարում է արդարությունից ու օրինականությունից, սեփական պետության սահմանադրությունից, ու առհասարակ սեփական մասնագիտությունից անտեղյակ մեկը, բնականաբար, ոչ ենթադրաբար, արդարությունը մնում է լոկ տերմին, ուղղակի մեկ մեկ մարդկանց բերանը փակելու համար։ Եվ քանի որ տարիներ շարունակ Արցախում արդարությունն ու ժողովրդավարությունը խեղդված են եղել՝ պատերազմական երկրի անվան տակ զսպված են եղել մարդկանց դժգոհությունները, անարդարությունները չեն գտել իրենց պատիժը,այսօր երբ բարձրաձայնում ես այս խնդիրները ու պարզ տալիս ես ճակատներին ողջ իրենց հանցավոր էությունը, որոշ շրջանակներ ընկնում են հոգեվարքի մեջ։ Եվ որոշ մարդիկ , որոնք Արցախին մի լումայի օգուտ չեն տվել, բացի հանցավոր վնասից, իրենց վերապահում են ասել բառեր կամ արտահայտություններ, որոնք իրենց կշռից ու հասակից ոչ թե կիլոմետրերով են հեռու, այլ առհասարակ իրենց հետ առնչություն չունեն, որովհետեւ նրանք այդքան ներքին ուժ էլ չունեն։ Ուղղակի նրանց տրվել է տեքստը եւ ասվել է դուխով ասա, մեկ է ձերբակալելու ենք, սրանով իսկ փորձելով ստեղծել վախի խաբկանք։ Ձերբակալեք , թե գնդակահարեք միեւնույնն է այդ ժողովուրդը պիտի ազատվի այս հակասահմանադրական իշխանությունից։

Երեկ ԱՀ Արդարադատության նախարարը մի քանի բոցաշունչ մտքեր է ասել՝ կոչ անելով չստել։ Ստի ու կեղծիքի մեջ թաթախված այս իշխանության դրածոն երեւի չի պատկերացնում, թե ում մասին, ինչպես կարելի է արտահայտվել։ Սեփական գործելաոճը վերագրելով դիմացինին, փորձում է լուծել իր իշխանավորների խնդիրները։ Մասնավորապես իր հարցազրույցում նշել է, թե ստորագրահավաքը անցել է առանց խոչընդոտների՝ հակառակ կողմին մեղադրելով ստի մեջ։

Ստորեւ ներկայացնում ենք այն խոչընդոտները, որոնց բախվել է նախաձեռնող խումբը ստորագրահավաքի ընթացքում։ Դա եղել է գյուղապետերի, քաղաքապետերի մակարդակով, հանրային ծառայողների որոնք տեղերում չեն հրաժարվել են աշխատել՝ մասնավորապես Մարտակերտի մի շարք գյուղերում ստորագրահավաքը սկսել է հունիսի 8-ին, մինչդեռ պետք է հունիսի 4-ին սկսեր, աշխատանքից հեռացվելու սպառնալիքները, զինվորականների ու պետաշխատողների վրա ճնշումը՝ ստորագրահավաքին չմասնակցելու սպառնալիքներով, Ստեփանակերտ քաղաքի ստորագրահավաքի համար նախատեսված վայրում անհապաղ տեսախցիկ տեղադրելը, որից շատ լավ տեղյակ էր նախարարը ու շատ լավ գիտի, որ տեսախցիկի տեղադրումը անօրինական է եւ այդ անօրինականության համար թե Ստեփանակերտի քաղաքապետը, թե նախարարը օրենքի առաջ պիտի պատասխանատվություն կրեն։ Բոլորին էլ շատ լավ հայտնի է, թե տեսախցիկը ինչ գործառույթ պիտի կատարեր՝ մարդկանց մեջ վախ մցնելու, որպեսզի խորշեին ու չգային մասնակցելու ստորագրահավաքին։ Եվ հետաքրքիր է էլ խոչընդոտը ինչպե՞ս է լինում կամ արդարադատության նախարարը այն ինչպե՞ս է պատկերացնում։ Կամ, ձեր իրավասությունների մեջ չի՞ եղել տեղեկացնել, թե հանրային աշխատողը կամ գյուղապետը ինչպես պետք է աշխատեն ստորագրահավաքի ընթացքում։ Պարզվում է՝ ոչ, չգիտեն, պարոն նախարար, որովհետեւ դուք ձեր գործից տեղյակ չեք։ Գյուղապետը իրավունք չունի ոչ կնքի, ոչ էլ ստորագրի այս թուղթը, սակայն ունենք այդպիսի դեպքեր։ Ստեփանակերտի քաղաքապետը միանգամից հանրային երեք աշխատողների հրահանգել է ստորագրել այդ թղթի տակ։ Սա եթե անտեղյակություն չէ, ապա դիտավորություն է, քանզի չեք տեղեկացրել։ Ստորեւ ներկայացնում ենք նաեւ ձեւաթերթիկի եւ այն ծանուցագրի բովանդակությունը, որը ուղարկվել է մարդկանց։ Ու այսքանից հետո պնդել, թե արցախցին չի իմացել ինչի տակ է ստորագրում ուղղակի ստոր սուտ է։ Սոցցանցերում հայտնված թվով հինգը չգերազանցող տեսահոլովակները, որտեղ մի քանի տատիկ ու պապիկ հայտնում են, թե իբր իրենք չեն իմացել ինչի տակ են ստորագրում, դրանց մասին էլ տեղյակ ենք գիտենք, որ շրջանակներն են հովանավորել։ Ամենասարսափելին այն է, որ դուք թքած ունեք ձեր հայրենակցի տարիքի, նրա իրավունքի եւ անկարողության վրա։ Լկտիաբար օգտագործելով այս մարդկանց ձեզ համար խնդիրներ եք ուզում լուծեք։ Եվ դուք խոսում եք արդարությունից, ու այդ համակարգի գլուխ կանգնած չինովնիկը դեռ փորձում է հաստատել այդ ստերը։

Սամվել Բաբայանը իր հարցազրույցներում ասել է, որ այս նախագծի օրինականացումը հնարավորություն կտա Արցախում ծնվածներին եւ վերջին տարիներին Հայաստանում սսովորած ու լավ մասնագիտացում ստացած մեր հայրենակիցներին վերադառնալ Արցախ ու իրենց հմտությունները ներդնել Արցախի զարգացման գործում։ Պարոն արդարամիտը՝ խեղաթյուրելով Սամվել Բաբայանի խոսքը իր իմաստուն խորհումներից հետո ասել է թե բա դա դնում է <<ղարաբաղցի>>, <<հայաստանցի>> տարանջատումը։ Ասում է ինչքան շատ ես խոսում, այնքան շուտ ես բացահայտում իրական դատարկությունդ։ Պարոն նախարարը անտեղյակ է,որ ԱՀ սահմանդրությունում կա այսպիսի հոդված․

Հոդված 47. Արցախի Հանրապետության քաղաքացիության իրավունքը

1. Արցախի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Արցախի Հանրապետության քաղաքացի է:

2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Արցախի Հանրապե¬տու¬թյան քաղաքացի է, ունի Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

3. Ազգությամբ հայերը Արցախի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

4. Ազգությամբ հայերը Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:

5. Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքա¬ցիությունից: Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

Չե՞ք կարդացել, լրացրեք այդ բացը, սա ձեր իսկ հակասահմանադրական իշխանության կարկտած սահմանադրությունն է, որը <<սղացրիք>> 2017թ․՝ ապահովելով 70 տոկոս կեղծ մասնակցություն։ Դուք խոսում եք հայաստանցի-արցախցի տարանջատումից, իսկ ինքներդ անօրեն զրկել եք նույն հայաստանցիներին, որոնցից գրեթե շատերը քսան տարի է արդեն բնակվում են Բերձորում, ընտրվելու իրավունքից։ Դուք նրանց նույնիսկ քաղաքապետի ու գյուղապետի ընտրություններին չեք թողնում մասնակցել։ Բերեք մեկ օրինակ, որ այս քսան տարվա ընթացքում Բերձորում վերաբնակեցված ՀՀ-ի որեւէ քաղաքացի ընտրվելու հայտ է ներկայացրել՝ Աժ կամ նախագահական ընտրություններում։ Բայց հաշվառել եք ու տվել ընտրելու իրավունք, որ ընտրության ժամանակ ապահովեք ձեր ստի ու կեղծիքի վրա հիմնված իշխանությունը։

Նախարարին կոչ ենք անում, չխախտելով իհարկե կոռեկտության սահմանը, ծանոթանալ Սամվել Բաբայանի կյանքին եւ գործնեությանը։ Քանզի ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի պետական կառավարման մասին պատկերացումներին, դրանք երբեւէ չեն հնանում ոչ առաջ, ոչ հիմա, ոչ էլ առհասարակ, որովհետեւ որպես հմուտ ռազմագետ, քաղաքագետ ու ազգասեր, Սամվել Բաբայանը արդեն իր գործը սրբագրել է, նա ունի այդ փորձը եւ դա անքննելի է։ Անիմացությունը բնորոշ է ձեզ եւ ձեր պատվիրատուներին, պարոն նախարար։

Լռեք, լռեք, ուղղակի լռեք։ Ինչքան խոսում եք այնքան խայտառակ եք լինում։ Եկել է այս իշխանության վերջը։ Հոգեվարքին կհաջորդի վերջնական մերժումը։ Ուստի, պարոնայք, մի արեք այն, ինչն ավելի է բարդացնում ու սրում վիճակը։ Դրա փոխարեն լուծումներ գտեք այս վիճակից երկիրը հանելու համար։Հերիք է խոսեք երեւույթների մասին, որոնց գլուխը ձեր տակն է թաղված»։