Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաչյա Ռոստոմյանի պատասխանը՝ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին ավելի վաղ կոչ էր արել զերծ մնալ խնդրահարույց նախաձեռնություններից ու չփորձել արհեստականորեն բռնցամարտի մի ֆեդերացիան փոխարինել մյուսով:

Այդուհանդերձ, ՀԱՕԿ-ն ասօր անցկացրած արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում որոշում կայացրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ՀԿ-ին հեռացնել Օլիմպիական կոմիտեի անդամակցությունից և ժամանակավորապես ՀԱՕԿ-ին անդամակցել Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիային:

«Որևէ խնդիր չկա: Եթե համամիտ չեն, կարող են դիմել դատարան, այն էլ՝ միայն Լոզանի արբիտրաժային դատարան: Խնդրեմ կարող են դիմել:Ես վստահ եմ, որ մենք որևէ բան չենք խախտել: Եթե ինչ-որ խնդրահարույց բան լիներ, մեկ տարի չէր ձգվի: Քննարկել ենք, բոլոր հարցերի պատասխաններն ունենք:

Ինչ վերաբերում է նախարարության տարածած հայտարարությանը, ապա կասեմ հետևյալը. այնտեղ կետ կա, որով իրենք կոչ են անում քննարկելու, համագործակցելու:

Ի սեր Աստծո, մեկ տարի է ՝ այս ամենը ձգվում է: Այս ընթացքում չի եղել նման դեպք, որ մեզ ասեն եկեք խոսենք, քննարկենք իրավիճակը, լուծումներ փնտրենք, ու մենք հրաժարվենք»,- ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Ռոստոմյանն ասում է՝ ընդհակառակը, իրենք են մշտապես հանդիպումներ փնտրել՝ իրավիճակի լուծման ուղիներ փնտրելու հույսով, սակայն որևէ արձագանք չեն ստացել.

«Եվ գլխավոր ասամբլեայի նիստից ընդամենը մեկ ժամ առաջ հայտարարություն տարածելու իմաստը չեմ հասկանում: Հատկապես,  Արայիկ Հարությունյանի հետ իմ հարաբերությունները միշտ շատ ջերմ են եղել, չեմ կարծում՝ դժվար էր ավելի վաղ մեզ հետ կապ հաստատելը:

Նախարարը քաղաքական պաշտոն է, բայց այդ նախարարությունում ովքեր՝ պատասխանատու  են սպորտի գծով, պետք է իրենք ժամանակին զեկուցեին: Կարծում եմ, եթե ժամանակին զեկուցած լինեին, այսօր այդ հայտարարությամբ հանդես չէին գա ու արդեն ամբողջովին տեղյակ կլինեին այս հարցից:

Մոտ 30 կետ էի առանձնացրել իմ զեկույցում՝ կապված բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից թույլ տված խախտումների ու անօրինությունների հետ:

Բոլոր կետերն իրավական հիմքերով, փաստաթղթերը՝ ևս իրավական: Խնդիր չկա, դիմեք դատարան, բողոքարկեք մեր որոշումը Լոզանի դատարանում: Եթե մենք սխալ ենք, պատրաստ ենք պատասխանատվություն կրել, բայց մենք սխալ չենք»,- վստահեցրեց Հրաչյա Ռոստոմյանը: