Search
Close this search box.

«Առնվազն պարկեշտ չէ նմանատիպ ստահոդ տեղեկությունների տարածումը». Իվետա Տոնոյանը պարզաբանում է

Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ Ռոզա Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ագրո» ընկերությունը կարող է սնանկ ճանաչվել և փակվել։ Ըստ  հրապարակման՝ ընկերության աշխատակիցներն արդեն երկրորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել եւ չգիտեն, թե երբ կստանան։

Հրապարակման վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից։ Նա տեղեկացրել է, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:

««Մուլտի Ագրո» գիտաարտադրական միավորումում որևէ ֆինանսական խնդիր չկա, և, համապատասխանաբար, աշխատակիցների աշխատավարձերի չվճարման մասին տեղեկությունը ևս բացարձակ հիմազուրկ է: Ես իհարկե շատ լավ եմ հասկանում որոշ լրատվամիջոցների Ծառուկյան ազգանունը շահարկելու հաշվին ոչնչից մեծ աղմուկ սարքելու անհագուրդ ցանկությունը, սակայն հերթական անգամ կոչ եմ անում հավատարիմ մնալ լրատվություն տրամադրելու հարցում մասնագիտական պարկեշտության կանոններին: Նմանօրինակ ապատեղեկատվություն տարածելու փոխարեն պարզապես կարելի էր փորձել անհրաժեշտ ինֆորմացիան ճշտել «Մուլտի Ագրո» ընկերությունից կամ ի պաշտոնե ինձնից: Ռոզա Ծառուկյանի ղեկավարած ընկերությունը տասնամյակներ շարունակ օրինակելի տնտեսություն է համարվել գյուղատնտեսության ու մեղվաբուծության զարգացման գործում իրականացրած ահռելի գործունեության առումով և առնվազն պարկեշտ չէ նմանատիպ ստահոդ տեղեկությունների տարածումը»,-ամփոփեց Իվետա Տոնոյանը: