Search
Close this search box.

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ծխի առաջացման նախնական պատճառը

Nordwind ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավում ծուխն առաջացել է օդափոխման համակարգ հիդրավլիկ հեղուկի գոլորշու և յուղի հայտնվելու պատճառով, որտեղից ծուխը տարածվել է սրահում: Նախնական այս տվյալները փոխանցել է ՌԴ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը, գրում է «Կոմերսանտը»:

«Հրդեհի հետքեր չեն հայտնաբերվել: Օդանավի սարքավորումները վնասվածքի նշաններ չունեն: Ավիացիոն պատահարի հետևանքով ուղևորների առողջությանը վնաս չի հասցվել»,- ասված է հաղորդագրությունում:
Որոշ աղբյուրների տվյալներով՝ ծխի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական կանոնակարգի խախտումը: ՌԴ Քննչական կոմիտեն և դատախազությունը նախաքննական ստուգումներ են անցկացնում:

Հիշեցնենք, որ ծխի ցուցիչներն աշխատել են, երբ Boeing-ը պատրաստվել է Մոսկվայի «Շերեմետևո»-ից Երևանի «Զվարթնոց» թռիչքին: Ուղևորներին սկսել են անմիջապես տարհանել, այդ ընթացքում 8 մարդ տուժել է, որոնցից 2-ին հիվանդանոց են տեղափոխել:
Օդանավում 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել: Ավիաընկերությունը պահուստային օդանավ է տրամադրել, որն այսօր առավոտյան արդեն վայրէջք է կատարել Երևանում: Ի դեպ՝ 28 ուղևոր հրաժարվել է թռիչքից.