Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական դեպք Երևանում. 27-ամյա տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի 52/1 տան բնակիչ՝ 61-ամյա Անժելա Ք.-ն է, վիրավորն էլ նույն տան բնակիչ՝ 59-ամյա Գասպար Ա.-ն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Գասպար Ա-ն և Անժելա Ք.-ն ամուսիններ են, և նրանց դանակով մի քանի հարվածներ է հասցրել նրանց որդին՝ նույն հասցեի բնակիչ, 27-ամյա Արման Ա.-ն: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ Արմանը դանակով հարվածներ է հասցրել ծնողներին, որից հետո ինքնավնասում է արել, և նրան տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները:

Անգամ, երբ ոստիկանները մոտեցել են նրան, նա արյունոտ դանակը վերև է բարձրացրել ու չիմանալով, որ եկողները ոստիկանության ծառայողներ են, ասել է. «Ինձ էս դիրքով մի քանի հատ նկարեք, և ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել դանակն ու տեղափոխել հիվանդանոց: Այս պահին հայրն ու որդին հիվանդանոցում են և Երևանի 1-03 շտապօգնության ու Էրեբունու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրանց կյանքը փրկել»:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:

Կայքի տեղեկություններով՝ սպանված Անժելա Ք.-ն բանասիրական գիտությունների դոկտոր էր, ամուսինը նույնպես մտավորական է: Քննիչի որոշմամբ Արման. Ա-ն որպես կասկածյալ ձերբակալվել է: