Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում կազմակերպված ակցիայի թաքնվող մասնակիցներին գտնելը դժվար չէ. ԱԱԾ

«Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա։ Ակցիայի կազմակերպմանն ակտիվ մասնակցություն ունեցած անձանցից ևս 2-3 հոգի այսօր բերման է ենթարկվել։ Մյուսները, որոնք թաքնվում են կա՛մ ինքնակամ կներկայանան, կա՛մ մենք կգտնենք նրանց, դա դժվար չէ», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղի ունեցավ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի փակ խորհրդակցությունը՝ Իջևանում տիրող իրավիճակի մասին։

ԱԱԾ պետը մանրամասնում է՝ խորհրդակցության ժամանակ քննարկվել է փայտանյութն իրական հասցեատերերին հասցնելու տարբերակ. «Առաջարկություն եղավ, որ պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման պրոցեսը։ Այսինքն` անտառ չմտնեն քաղաքացիները, այլ պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով հավաքի փայտը, անտառից դուրս հանի և մարզպետարանի միջոցով բաժանի քաղաքացիներին», – ասաց ԱԱԾ տնօրենը։

Նա ընդգծեց, որ վերջին շրջանում ազգային անվտանգության ծառայությունը բոլոր խիտ անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում բացահայտել է բազմաթիվ դեպքեր. «Ավելի քան 10 քրեական գործ ԱԱԾ-ի կողմից է հարուցվել ապօրինի անտառահատումների հետ կապված, որի մեջ ներգրավված են նաև մի շարք պաշտոնատար անձինք», – ասաց Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ գործի քննությունն իրականացվում է քննչական կոմիտեում։