Search
Close this search box.

Ինչու շրջանառության մեջ դրվեց մեկ ամիս առաջ պատգամավորի եւ քրեական հեղինակության միջեւ ենթադրյալ միջադեպի մասին լուրը

Փաստինֆոն գրում է. «Ինչն է պատճառը, որ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի աշխատասենյակում տեղի ունեցած ենթադրյալ միջադեպը հիմա է շրջանառության մեջ դրվել, ո՞ւմ կողմից եւ ի՞նչ նպատակ է հետապնդում։
Օրեր առաջ կայքերից մեկը շրջանառության մեջ դրեց, թե քրեական աշխարհում հայտնի մի խումբ անձինք այցելել են ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի (առավել հայտնի Շշի Մելոյի անվամբ) աշխատավայր և առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը:
Նույն այդ լուրերի համաձայն՝ պատգամավորը մերժել է առաջարկը, ինչն էլ պատճառ է հանդիսացել փոխադարձ վիրավորանքների, ապա նաև՝ ծեծկռտուքի:
Նշվում է նաև, որ վիճաբանության ժամանակ, որտեղ ներկա է եղել «օրենքով գող», վերջինս սեղանին դրած շշով հարվածել է պատգամավորի գլխին, սակայն «գողականները» ևս «դաս են ստացել» Մանուկյանի աշխատակիցների կողմից:
Իսկ մեկ այլ լրատվամիջոցի տեղեկություններով էլ՝ դեպքը տեղի է ունեցել 1 ամիս առաջ: ԱԺ պատգամավորին իր իսկ աշխատասենյակում հարվածողն էլ եղել է քրեական հեղինակություն ազատանցի Պետոն, ով Օշականցի օրենքով գող Գևորիկի և օրենքով գող Զապի մտերիմ ընկերն է: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նախօրեին ոստիկանությունից հայտնեցին, որ նման միջադեպի մասին ահազանգ չեն ստացել, իսկ այսօր արդեն պարզ դարձավ, որ ոստիկանապետը հանձնարարարել է ստուգել շրջանառվող տեղեկությունները։
Իսկ մինչ ոստիկանությունը փորձում է պարզել ինչ է կատարվել կամ ինչու է կատարվել՝ փաստենք, որ վերջին շրջանում քրեական աշխարհում բավականին անհանգիստ մթնոլորտ է տիրում:
Քրեական տարրերը ինչ-որ բան չեն կիսում, համենայն դեպս վերջերս ընդհարումներ տեղի ունեցան միանգամից երկու քաղաքում՝ Վանաձորում եւ Գյումրիում։ Վանաձորում փորձեցին սպանել քրեական աշխարհում հայտնի Շալիկո Մանուչարյանի մտերիմ Էդմոն Հարությունյանին եւ հիմնական կասկածյալը հանցավոր աշխարհում հայտնի «Յոժ»-ն է՝ Արման Շահինյանը, Գյումրիում տեղի ունեցած ընդհարման գործով կալանավորվել է օրենքով գող Զապի մտերիմ Արտյոմ Ղազարյանը:
Իսկ մինչ այս բախումները՝ տրվել էր «Դոն Պիպոյին»` նույն ինքը Արթուր Ասատրյանի սպանության պատվերը, որը ձախողվեց դեռ չիրականացած։ Ըստ տեղեկությունների՝ հենց Ա. Ասատրյանն է բացահայտել իր սպանությունը նախապատրաստող խմբին եւ քրեական գործը գործով քննությունն այս պահին իրականացնում է ԱԱԾ-ում: Ընդ որում՝ այս գործով որպես սպանության պատվիրատու շրջանառվում էր օրենքով գող Արտյոմ Կանեւսկոյի անունը։ Վերջինս նաեւ հարցաքննվել է։
Մեր տեղեկություններով, այս տարի ապրիլին էլ ծրագրված է եղել նաեւ օշականցի Գևորիկի սպանությունը, որը նույնպես ձախողվել է դեռ մշակման փուլում։
Կարծես թե՝ հանցավոր աշխարհում խմորումներ են տեղի ունենում, եթե չասենք՝ վերադասավորումներ։»