Search
Close this search box.

Հեռացավ մի մարդ, որը կարողանում էր լուռ օգնել մարդկանց

Հայաստանում ծնված և Ռուսաստան տեղափոխված Մամուդ Շավերշյանը, որը թոշակառուներին ու կարիքավորներին անվճար հաց էր բաժանում, մահացել է։ Facebook–ի իր էջում այս մասին գրել է Ստրունինո քաղաքի բնակիչ Միխայիլ Դեմենտևը։

Նա իր գրառումը վերնագրել է այսպես. «Անվճար հաց բաժանող մարդու հիշատակին»։

«Մահացել է լուսավոր մարդ Մամուդ Շավերշյանը։ Հայը, որն ապրում էր մեր Ստրունինո քաղաքում։ Ինձ պատմում էին, որ նրա մահը սգում էին ռուս տատիկները, տաջիկ տղան էլ հազիվ է զսպել արցունքները, երբ իմացել է նրա մահվան լուրը։ Հեռացավ մի մարդ, որը կարողանում էր լուռ, առանց ուշադրություն գրավելու օգնել մարդկանց», – գրել է Դեմենտևը։

Նա հիշեցրել է, որ Մամուդ Շավերշյանն ավելի քան տասը տարի է անվճար հաց էր բաժանում Ստրունինոյում ու Մոսկվայում գործող իր խանութներում ։

Մամուդ Շավերշյանը ծնվել ու մեծացել է ՀՀ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում։ 2017 թվականին Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասել էր, որ առանց Հայաստանի ապրելն անհնար է։