Search
Close this search box.

Վթարից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է, Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են, մետրոպոլիտենի աշխատանքը կասեցված է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել էլեկտաէներգիայի խափանումների վերաբերյալ, որում ասվում է.

«Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։

Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։

Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»։

Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկանց զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանում առկա է էներգետիկ համակարգի վթար: Հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ:

«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,-  նշում է ՀՀ փոխվարչապետը:

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Այս պահի դրությամբ թունելի մեջ է գտնվում Զորավար Անդրանիկ կայարանից դեպի Հանրապետության Հրապարակ կայարան մեկնող գնացքը:

Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվելի»,- գրել է Հակոբ Կարապետյանը:

«Այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են»,-հավելել է Հակոբ Կարապետյանը։