Search
Close this search box.

Բանկերին սպասարկած դատավորների վեթինգը՝ առանձնակի դաժանությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը Հայաստանի արդարադատության արատավոր համակարգի մասին բազմաթիվ դատավորների մտածելու տեղիք պետք է տար: Բայց շատերի համար կյանքը կարծես թե շարունակվում է հին իրողությունների տիրույթում:

Այսօր էլ բազմաթիվ դատավորներ շարունակում են մեղմ ասած կասկածահարույց վճիռներ կայացնել, առաջնորդվել կոռուպցիոն շահերի սպասարկման սկզբունքներով և ուժեղին բավարարելու ընդունված կանոններով: Շատերին թվում է, թե սպասվելիք վեթինգը շրջանցելու է իրենց: Հիշեցնենք, որ վեթինգի մասին օրերս ազդարարեց Փաշինյանը՝ հավելելով. «Հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»։

Այս համատեքստում թերևս ժամանակն է վեթինգի ողջ գործիքակազմն առանձնակի դաժանությամբ կիրառել այն դատավորների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ վճիռներ են կայացրել բանկային համակարգ-ՀՀ քաղաքացիներ վեճերում: Գաղտնիք չէ, որ այսօրինակ գործերում, որպես կանոն, շահել են բանկերը: Ստացվում է, տևական ժամանակ Հայաստանում գործում են դատավորներ, որոնք սպասարկել են բացառապես մեծ կորպորացիաների շահերը, ավելին՝ օգնել են բանկերին ու ֆինանսական կազմակերպություններին հնարավորինս արագ ու սահուն ունեզրկել քաղաքացիներին: Բազմաթիվ հայցեր ու պատմություններ կան, որոնք վկայում են՝ քաղաքացին դարձել է բանկ-դատական համակարգ հանցավոր համագործակցության զոհը՝ կորցնելով գրավադրված գույքը, բիզնեսը, անձնական ունեցվածքը:

Մամուլը բազմիցս ահազանգել ու բարձրաձայնել է կասկածներ՝ կաշառված դատավորների, նրանց կողմից իրականացվող կեղծ փորձաքննությունների, օրենքը շրջանցող տեղեկանքների ու սարքած փաստաթղթերի մասին:
Այսօր ճիշտ ժամանակն է, որ վեթինգ իրականացնելու համար ստեղծվելիք կառույցը փորձի արագորեն հասկանալ խնդիրները, պարզել աղմկահարույց գործերի մասով կուլիսային պայմանավորվածությունների շրջանակներում կայացված վճիռներն ու դատավորների՝ այդ վճիռների դիմաց տրված կաշառքների ու «շնորհակալությունների» իրական չափերը:

Ի դեպ, եթե քրեական ու քաղաքացիական գործերով արդարադատության վերականգնումը ենթադրելու է բարոյական փոխհատուցում, ինչն անշուշտ չափազանց կարևոր է, ապա տնտեսականի դեպքում նյութական վնասը արագորեն կարելի է վերականգնել: Ինչպե՞ս, շատ պարզ. ընդամենը ուսումնասիրության է ենթարկվում, թե իքս դատավորը քանի վճիռ է կայացրել հօգուտ բանկերի ու ֆինանսական կառույցների:

ԱԱԾ-ն էլ հանգիստ կարող է տեղեկանքներ տրամադրել, թե այդօրինակ վճիռներից հետո դատավորի անձնական ֆինանսական կյանքում ինչ տեղաշարժներ են գրանցվել: Սկզբի համար այսքանը: Իսկ ավելի կոնկրետ՝ մամուլն իր աջակցությունը կհայտնի գործընթացին, եթե վերահրապարակի այն դատական շարքերը, որոնցում մանրամասն անդրադարձ է եղել վերոնշյալին: