Search
Close this search box.

Մասիսի քաղաքապետը՝ ամբաստանյալի կարգավիճակում խոսում է քաղաքը ղեկավարելու մասին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ այսօր դեռ չսկսված հետաձգվեց Մասիսի քաղաքապետի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի նիստին չներկայանալու պատճառով:

Նիստի ավարտին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադանքը. «Ժամանակը թող գա, դատավարությունը կավարտվի, բոլորդ կիմանաք, թե ինչ է եղել, այն ժամանակ խոստացել եմ, մամուլի ասուլիս կհրավիրեմ եւ բոլոր հարցերին կպատասխանեմ»,- նշեց նա՝ պնդելով, որ իր գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

Լրագրողի հարցին, արդյոք նեղացա՞ծ է իշխանություններից, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, ես երբեք ոչ ոքից չեմ նեղանում, կարծում եմ թույլ մարդու բնավորություն է նեղանալը»։

Դիտարկմանը, հե՞շտ է արդյոք ամբաստանյալի կարգավիճակում քաղաքը ղեկավարելը, Մասիսի քաղաքապետը պատասխանեց. «Շատ լավ է, ընդհակառակը հիմա շատ լավ կառավարում եմ։ Կարող եք մասիսցիներին հարցնել, մասիսցիների հետ շփվում եմ, իրենք այդ մասին կփաստեն»։

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված գրավը։ Բացի Դավիթ Համբարձումյանից ամբաստանյալի աթոռին է հայտնվել նար նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը եւ եւս վեց անձ: