Search
Close this search box.

Ես էլ կարող եմ հիմա հայտարարել, որ ինձ պետք է ընդունել օրինակ որպես Գվատեմալայի նախագահ, հետո՞

Սահմանադրական ճգնաժամ ես չեմ տեսնում: Սահմանադրական դատարանը գործում է, ունի լեգիտիմ նախագահ, լեգիտիմ անդամներ, լեգիտիմ դատավորներ և պետք է ձեռնամուխ լինի իր սահմանադրական գործառույթների իրականացմանը: Որևէ ճգնաժամ գոյություն չունի: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ում խոսքերով այստեղ իրավունքի խնդիր չկա, այն արդեն լուծված է:

Պատգամավորը նշել է, որ այստեղ կա քաղաքական շահերի խնդիր. «Այդ կարծիքն ինձ մոտ ձևավորվեց ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի ընտրվելու օրը, երբ նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական ընտրություն է: Եթե ՍԴ դատավորը, ով իրեն տեսնում է ՍԴ նախագահ, ՍԴ-ում դատավորի աշխատանքը, ընտրությունը համարում է քաղաքական, դրանով պետք է վերջ դնել իրավական վեճերին: Չկա որևէ ճգնաժամ: Կա այդպիսի ճգնաժամ տեսնելու անձանց, գուցե և առանձին ուժերի ցանկությունը: Ես կոչ եմ անում ղեկավարվել երկրի հիմնական օրենքով, վերջ դնել անձնական ամբիցիաներին և հասարակության մեջ ավելորդ իրարանցում չհարուցել»:

Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի հայտարարությանը, որ ինքը ՍԴ գնում է որպեսզի ստանձնի նախագահի լիազորությունները, Պետրոսյանը նշել է, որ որևէ մեկին արգելված չէ երազել, երևակայել. «Ես էլ կարող եմ հիմա հայտարարել, որ ինձ պետք է ընդունել օրինակ որպես Գվատեմալայի նախագահ, հետո՞: Բա կոռեկտությունն ու օրինականությո՞ւնը: Նա առայժմ առերևույթ լեգիտիմ դատավոր է: Առերևույթ ասում եմ, որովհետև այստեղ կա նաև բարոյականության խնդիր, որն ինքն անուշադրության մատնեց: Եթե մի մարդ կարող է իրեն առաջադրող սուբյետկին համարել ոչ լեգիտիմ, նա ոչ լեգիտիմ ծագմամբ պաշտոնյա է: Սրա բարոյական կողմն ո՞վ է վերլուծելու»:

Պատգամավորի խոսքերով, ՀՀ նախագահը լեգիտիմ է. «Այլ է հարցը, թե նա որպես նախագահ որքանով է բարեխղճությամբ կատարում Սահամանադրությանը հետևելու իր պարտականությունը: Այս վերջին իրադարձություններին ՀՀ նախագահի ակնհայտ անգործությունը հիմք ընդունելով՝ կարելի էր ընկալել, որ ՀՀ նախագահը հետևում է սահմանադրության խախտմանը: Սակայն սա էլ բավարար չէ հայտարարելու, որ նախագահը լեգիտիմ չէ»: