Search
Close this search box.

Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի սոցաջակցության գործակալության առաջատար մասնագետին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը, ծնված 1975թ, զբաղեցնելով Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի պաշտոնը և  լիազորված լինելով իր սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրել օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, 2012 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի 5 նպաստառուների և նրանց ընտանիքի անդամների օգտին գործողություններ կատարելու, ինչպես նաև այդպիսի գործողություններ չկատարելու, այն է՝ ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստի նշանակման մասին կարգադրությունը գործակալության պետի հաստատմանը ներկայացնելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու, անձնական գործերի ամենամյա վերանայման ընթացքում ծագած խնդիրներն անտեսելով նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց նրանցից ստացել է ապօրինի վարձատրություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին մուծվել է որպես ապօրինի վարձատրություն ստացած գումարը։

Արմավիրի մարզի 5 բնակիչների կողմից պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու համար սկսված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով՝ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: