Search
Close this search box.

10 մլն դրամ գրավ. Մանվել Գրիգորյանի ոտքերը 70-90 %-ով դարձել են անզգա․ պաշտպանական կողմը միջնորդում է փոխել խափանման միջոցը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանցող ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը նշեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը սրվել է և ներկայիս դրությամբ Գրիգորյանը չի կարող կալանավորված մնալ:

Պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը թվարկելով Առողջապահության նախարարության հունիսի 11-ի հրամանով կազմակերպված կոնսիլումի արդյունքում ախտորոշված մի շարք հիվանդություններ՝ նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ գնահատվել է վիճակի վատթարացում․ «Մանվել Գրիգիորյանի ոտքերը ուռած են, հոսանքի լարմամբ ախտորոշվել է, որ 70-90 տոկոս դարձել են անզգա, եւ ՀՀ լավագույն բժիշկները չեն կարողանում վիճակը բարելավել։ Նրա մոտ ախտորոշվել է նաեւ հուզական, մտավոր անկայունություն, շարժումների արգելակում, անտարբերություն, ինչը հանգեցրել է սթրեսային խանգարման»։

Պաշտպանի խոսքով՝ թե «Նաիրի» բկ-ն եւ թե «Գրիգոր Լուսավորիչ» բկ-ն, հաշվի առնելով Գրիգորյանի ծանր վիճակը, անհրաժեշտ են համարել, որ նա 24-ժամյա ռեժիմով ունենա երկու խնամակալ՝ հարազատների հերթափոխի առկայությամբ, ինչը ՔԿՀ պետի կողմից մերժվել է։

Պաշտպանի պնդմամբ՝ Գրիգորյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք նրա կյանքին վտանգ են սպառնում։

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, թվարկելով Մանվել Գրիգորյանի հիվանդությունները, ներկայացրեց միջնորդություն Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ փոխելու մասին: Փաստաբանը ընդգծեց, որ տեղի ունեցածը հաշվեհարդար է Գրիգորյանի նկատմամբ:

Պաշտպանական կողմը նշեց, որ եթե դատարանը կհամարի, որ Մ. Գրիգորյանը, նման ծանր պայմաններում գտնվելով, կարող է խափանման միջոց կալանավորումը փոխելուց հետո խոչընդոտել քննության ընթացքին՝ խնդրում են կիրառել 10 մլն դրամ գրավ։