Search
Close this search box.

Բացահայտում. հոգեբուժարանում մարդուն պահել են ապօրինի

Հարկադիր բուժման մասին հոգեբուժարանի միջնորդության քննարկումը դատարանում ձգձգվում է շուրջ 11 ամիս. առանց դատական ակտի մարդն ապօրինի պահվում է անազատության մեջ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հաղորդագրությունում ասվում է.

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով 2019 թվականի հունիսի 7-ի հոգեբուժական կազմակերպություն չհայտարարված այցի  ընթացքում հայտնաբերվել է մարդուն ապօրինի պահելու դեպք:

Մասնավորապես, հոգեբուժական կազմակերպության վարչակազմը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ կազմակերպությունը այդտեղ ամբուլատոր բուժվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի բժշկական բնույթի հարկադրական միջոցը հիվանդանոցայինով փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան դեռ 2018 թվականի օգոստոս ամսին։ Սակայն միջնորդության քննարկումը դատական նիստերի հետաձգումների պատճառով անընդհատ ձգձգվում է:

Տեղի է ունեցել առանձնազրույց հոգեբուժական կազմակերպությունում հիվանդանոցային պայմաններում պահվող անձի հետ: Նրա տեղեկացմամբ՝ հոգեբուժական կազմակերպությունում բուժում ստանալու կամ այնտեղից դուրս գրվելու հարցը պետք է լուծվի դատարանի որոշումից հետո, որին սպասում է արդեն 11 ամիս:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ դատարանի վճռով նա ճանաչված է անգործունակ, նրա նկատմամբ սահմանված է խնամակալություն, իսկ խնամակալ է նախկին ամուսինը:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողը նշել է, որ նախկին ամուսնու հետ ունի լարված հարաբերություններ, մի շարք տարաձայնություններ եւ շահերի բախում՝ կապված երեխաների տեսակցության հարցի հետ:

Ըստ պացիենտի՝ դատական նիստերի հետաձգման պատճառ է իր խնամակալի՝ դրանց պարբերաբար չներկայանալը: Դատական նիստերի բազմաթիվ հետաձգումների վերաբերյալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի բժշկական փաստաթղթերում առկա են եղել հոգեբուժական կազմակերպությանը դատարանի հասցեագրած գրությունները:

Նշվածի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման վարույթ, որի շրջանակներում Պաշտպանը գրություններ է հասցեագրել Բարձրագույն դատական խորհրդին եւ Երեւանի քաղաքապետարան:

Պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ հարկադիր բուժման վերաբերյալ դատական գործերի քննության ձգձգման նման անընդունելի պրակտիկան ունի համակարգային բնույթ եւ առաջացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումներ:

Այս հայտարարությունը կամ Պաշտպանի աշխատակազմի վարույթը կոնկրետ գործով դատավորի լիազորությունների իրականացմանը միջամտելու նպատակ չի հետապնդում: Պաշտպանի գնահատականները հիմնված են բացառապես հոգեբուժական կազմակերպություն իրականացրած այցի, փաստաթղթերի առերեւույթ ուսումնասիրության, ինչպես նաեւ առանձնազրույցների վրա:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ հարկադիր եւ ոչ հոժարակամ բուժման օրենսդրական եւ գործնական խնդիրները շարունակում են ունենալ համակարգային բնույթ՝ հանգեցնելով մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Դրանք Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ուշադրության կենտրոնում են եւ շարունակվելու են ձեռնարկվել բոլոր հնարավոր միջոցները դրանց լուծմանը նպաստելու ուղղությամբ։