Search
Close this search box.

Ոստիկանության զորքերի ծառայողների աշխատանքային ստաժը նույնպես կհաշվի կրկնակի

Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի կհաշվառվի աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ զինված ուժերի կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծը պատգամավորներին էր ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նախագծով մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի հաշվառվի աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ միայն զինված ուժերի, այլ նաև այլ զորքերի դեպքում: Սա պայմանավորված է նրանով, որ 2018թ. հետո հակառակորդի հետ անմիջական շփման գծում հերթապահություն սկսեցին իրականացնել նաև ոստիկանության զորքերը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման միջև ընկած ժամանակում կառավարությունը ներկայացրել էր առաջարկներ: Մասնավորապես հստակեցվել են  կենսաթոշակի նշանակման ժամկետի հետ կապված խնդիրները: «Մենք օրենքի 14-րդ հոդվածից հանում ենք նաև այն դրույթը, որի համաձայն՝ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվառվում: Համաձայն գործող իրավակարգավորումների, եթե անձը համատեղությամբ է աշխատել, օրինակ աշխատել է որպես ուսուցիչ և այլ տեղ՝ որպես ինժեներ, ապա այդ ժամանակահատվածը նրա մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ստաժում չի հաշվառվում: Առաջարկում ենք հանել այդ սահմանափակումը, ինչը նշանակում է, որ այսուհետ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը ևս կհաշվառվի մասնակի կենսաթոշակի իրավունք տվող և մասնակի կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող աշխատանքային ստաժում »,- ներկայացրեց Սաիյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր: