Search
Close this search box.

Երևանում թափառող շները հարձակվել են մարդկանց վրա. Կան տուժածներ

«Հունիսի 26-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 84 շենքի մոտակայքում թափառող շները հարձակվում են մարդկանց վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեպքի վայրում է գտնվում երկու խառնածին շուն, որոնք, ըստ բնակիչների, հարձակվել են անցորդների վրա. տուժածները քաղաքացիների ուժերով տեղափոխվել են ԲԿ:

Փրկարար ծառայության կինոլոգիական խումբն օգտագործելով փչովի սարք (սարքն իրենից ներկայացնում է խողովակ, որի միջոցով բերանով փչվում է ներարկիչը. դեղի ազդեցությունը տևում է մեկ ժամ, որից հետո կենդանին վերադառնում է իր սովորական վիճակին) փորձել է քնեցնել շներին անվտանգ տարածք տեղափոխելու նպատակով:

Փրկարարներին չի հաջողվել վնասազերծել շներին. վերջիններս փախել են»-նշում է ԱԻՆ լրատվական կայքը:

Ի դեպ, կենդանապաշտպան Դինգո թիմն էլ ֆեյսբուքյան իր էջում՝ շների անհետացման առթիվ գրել էր.

Երեկ գիշերը, ժամը 12-ից 2-ը ընկած ժամանակահատվածում Բանգլադեշում կրակել են շներին (ականատեսի ասելով՝ քնեցնող զենքով) և գցել ԱԻՆ-ի մեքենան:
Այսօր առավոտից փորձում ենք պարզել, թե ուր են տարել շներին, անարդյունք!

Կարևոր է նշել, որ մոտ 2 տարի է, ինչ բոլոր ահազանգերը թափառող շների հետ կապված մերժվել են ԱԻՆ-ի կողմից՝ ասելով, որ իրենց համապատասխան բաժին չունեն ու թափառող շներով չեն զբաղվում: Ավելին՝ մարդկանց հաճախ փոխանցել են մեր համարը:

Եվ հանկարծ այսօր պարզվում է, որ շներ են կրակել, տարել անհայտ ուղոությամբ, ու մեզ էլ տարածքը չեն ասում: Կապվել ենք “Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն” ՀՈԱԿ-ի հետ, նրանք տեղեկություն չունեին:

Մեր զանգին ԱԻՆ-ից պատասխանում են, որ պետք է նամակ գրենք, և նամակով կպատասխանեն, թե շներին ինչ են արել: Ամեն հնարավոր լեզվով փորձեցինք բացատրել, որ սա պարզապես հարց չէ, որ գրենք ու 15 օր սպասենք պատասխանի, մեզ ԱՅՍՕՐ է պետք իմանալ, թե շները որտեղ են: Գործ ունենք կենդանի կյանքերի հետ, սա հարց ու պատասխան չէ, որ նամակ գրենք ու պատասխանի սպասենք: Անարդյունք:

Արտակարգ իրավիճակների նախարարություն, պահանջում ենք պարզաբանում, թե ինչ է սա նշանակում: Ինչու՞ 2 տարի ոչ մի ահազանգի երբևէ չեք արձագանքել, ու հանկարծ այս մեկին ահազանգեցիք: Ինչու՞ չենք կարող պարզապես իմանալ տարածքը, թե որտեղ են շները ազատ արձակվել և ազատ արձակվել են առհասարակ թե ոչ: