Search
Close this search box.

Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը Արցախի ինքնիշխան իրավունքն է. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանին որոշակի զինատեսակների վաճառքի արգելափակման վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությանը մեկնաբանել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը,  տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ լրատվության ծառայությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը։ Այս նախաձեռնությունն արդիական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու իր սպառնալիքներից եւ խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումից։

Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը Արցախի ինքնիշխան իրավունքն է եւ հետապնդում է բացառապես քաղաքացիական ու մարդասիրական նպատակներ, մասնավորապես՝ մարդու այնպիսի հիմնարար իրավունքի իրացումը, ինչպիսինն է տեղաշարժի ազատությունը:

Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող շրջափակումը մշտական եւ լուրջ խոչընդոտ է դարձել Արցախի քաղաքացիական բնակչության տեղաշարժի ազատության համար, որը նաեւ հանգեցնում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ այլ առանցքային միջազգային համաձայնագրերում ամրագրված մարդու մյուս հիմնարար իրավունքների խախտմանը:

Ադրբեջանի նման քաղաքականությունը հստակորեն վկայում է նրա բացահայտ արհամարհանքը՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վերաբերյալ, եւ քաղաքացիական բնակչության նկատմամբ կոլեկտիվ պատիժ կիրառելու նրա քաղաքականության շարունակությունն է հանդիսանում։

Ավելին, Ադրբեջանի այսօրինակ գործողությունները միջազգային հակաիրավական արարք են եւ պետք է ամենալուրջ հակազդեցության արժանանան միջազգային հանրության կողմից»։