Search
Close this search box.

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զարմացած են, որ կարելի էր ժողովրդից թալանածի կես տոկոսով այսպիսի թամաշա կազմակերպել

Այս օրերին իշխանությունների հասցեին հնչող ամենամոդայիկ քննադատությունը սա է՝ «հերիք է դատարկ ճառեր արտասանեք ու շոուներ կազմակերպեք, գո՛րծ արեք, գո՛րծ, ժողովուրդը ձեզ դրա համար չի բերել իշխանության»։ Սրա մեջ, իհարկե, ճշմարտության հատիկ կա։ Եթե իշխանություններն անեին այն, ինչի համար հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց, պիտի առանց դատ ու դատաստանի խլեին բոլոր նախկինների կուտակած միլիարդները, նրանց շարեին պատերի տակ, ստիպեին ծնկաչոք ներողություն խնդրել ժողովրդից եւ մեն-մի շապիկով տուն ուղարկեին։ Բայց իշխանությունները որոշեցին, որ դա ճիշտ ճանապարհ չէ, առաջնայինը պետության երկարաժամկետ զարգացման հիմքերը հստակեցնելն ու առանց «վենդետաների» առաջ շարժվելն է, եւ դրանով իսկ հիասթափեցրեցին հասարակության մի մասին։ Զավեշտն այն է, որ «ժողովրդի ակնկալիքներն արդարացնել» պահանջողներն առաջին հերթին հենց նրանք են, ովքեր այդ ակնկալիքների արդարացման դեպքում կհայտնվեին բոլորովին այլ վայրերում։

Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Իշխանությունները փորձում են երկրում արմատական փոփոխություններ իրականացնել, եւ դա հաջողվում է նույնիսկ ավելի լավ, քան կարելի էր ակնկալել՝ հաշվի առնելով օբյեկտիվ դժվարությունները։ Բայց իշխանությունները դա անում են փաստացի պատերազմական պայմաններում, ընդ որում՝ խոսքն արտաքին պատերազմի մասին չէ, երկրի ներսո՛ւմ է պատերազմ հայտարարված իշխանություններին։ Պատերազմ հայտարարածներն էլ նախկին իշխանություններն են, որոնք «ռազմական գործողություններն» իրականացնում են վարձկանների միջոցով։ Վարձկաններին կարելի է սեւ շապիկներ ու պիցցա բաժանել, գումար տալ, մեդիա-ռեսուրսներ տրամադրել, բայց սա ընդամենը հարցի տեխնիկական կողմն է, բուն նպատակն այս ամենին ներքաղաքական պայքարի տեսք տալն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ են ասուլիսներ, լավ բեմականացված բախումներ ոստիկանության հետ, քաղաքական տեքստեր եւ այլն (դերասաններին, բնականաբար, մի քանի անգամ ավելի շատ են վճարում, քան «մասսովկայի» մասնակիցներին)։

Պատկերացրեք՝ երթուղայինում գրպանահատ են բռնում, իսկ նա հայտարարում է, թե իր իրավունքները կոպտորեն ոտնահարվում են, այդ գումարն ինքը վաստակել է ազնիվ աշխատանքով, երթուղայինի վարորդն էլ նախորդ խաչմերուկում խախտել էր երթեւեկության կանոնները։ Իսկ կանգառում հավաքված եւ նախապես լավ վճարված նրա «մասսովկան» գոռգոռում է ու պահանջում անհապաղ ազատ արձակել ջեբկիրին ու ներողություն խնդրել։ Մեծ հաշվով՝ Հայաստանում այսօր հենց սա էլ տեղի է ունենում, ի՞նչ քաղաքական պայքար։ Պարզապես «իրեք մանեթանոց լացողներն» են շատացել, ու երեսները ճանկռելու փոխարեն ջանում են քերծվածքներ ստանալ ոստիկանների հետ բախումներ հրահրելով։ Բայց քանի որ նախկիններն «իրեք մանեթներ» շատ ունեն (վստահաբար՝ ավելի շատ, քան Հայաստանի պետական բյուջեն է), այս այլանդակությունը դեռ երկար է շարունակվելու։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ հեռվից հրճվելու են՝ ներքուստ զարմանալով, որ կարելի էր այս նույն ժողովրդից թալանածի կես տոկոսով այսպիսի թամաշա կազմակերպել, ու ժամանակ առ ժամանակ կշտամբելու են վարձկաններին՝ իբր «բա դա իրեք մանեթի լաց ա՞»։

Միակ մխիթարությունն այն է, որ իշխանությունների, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի ապագայի դեմ սանձազերծված այս պատերազմում նախկինները դատապարտված են պարտության՝ այն պարզ պատճառով, որ ինչքան էլ ուտելիքն առատ լինի ու աշխատավարձը բարձր, միեւնույն է՝ գաղափարական վարձկաններ չեն լինում, իսկ առանց գաղափարի կռվողներն առաջին իսկ հակահարվածի դեպքում փախչում են։

Այս պատերազմում փախչողներին կանգնեցնելու եւ առաջ մղելու համար ետեւից ոտքերին կրակելու հնարքը չի գործելու։ Մինչդեռ ականատեսների վկայությամբ՝ հենց այդ հնարքով էին 2008-ի մարտի 1-ին անհայտ ջոկատները ոստիկանությանը ստիպում գրոհել ցուցարարների վրա։

Նյութի աղբյուր armtimes.com