Search
Close this search box.

Արմավիրի թիվ 5 դպրոցի ծնողական կոմիտեն Արմավիրի մարզպետի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան

«Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ծնողական խորհուրդը որոշել է դատարանի միջոցով պարտավորեցնել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, որպեսզի վերջինս դպրոցի կառավարման խորհրդի կազմում կատարի փոփոխություն:

Դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Հայաստան Հակոբյանը հունիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան, հետևյալ պահանջով. ««Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմում կատարել փոփոխություն, որպես ծնողական խորհրդի ներկայացուցիչներ ընդգրկելով նույն կազմակերպության ծնողական խորհրդի 16.05.2019թ. թիվ 4 արձանագրությամբ ներկայացված և փակ քվեարկությամբ ընտրված անձանց»:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում տնօրենի ընտրություններ էին նշանակված: Միակ թեկնածուն եղել է Մաշա Իվանյանը: Վերջինս նույն դպրոցի տնօրենն էր, իսկ ընտրության օրը եղել է պաշտոնակատար: Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից 5-ը դեմ են քվեարկել միակ թեկնածուին, որոնց թվում եղել է նաև խորհրդի ծնողների կողմից ներկայացված անդամը: Իսկ դպրոցի ներկայացուցիչները և մեկ ծնող կողմ են քվեարկել:

Մաշա Իվանյանը 5/3 հարաբերակցությամբ չի ընտրվել տնօրեն, ինչը ծնողների, աշակերտների և ուսուցիչների մոտ զայրույթ էր առաջացրել: Ծնողներն ու աշակերտներն ընտրության հաջորդ օրը առավոտից մարզպետարանի դիմաց դասադուլ էին անում:

Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի նախագահը մարզպետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լիաննա Հարությունյանն է: Դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Հայաստան Հակոբյանի պատմելով՝ միակ թեկնածուին դեմ քվեարկած ծնողը այդ քայլին գնացել է ճնշման ազդեցության տակ, իսկ ճնշում գործադրողը եղել է նրա սկեսրայրը՝ Արմավիրի փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտչյանը: Վերջինս նույնպես խորհրդի անդամ է և ներկայացնում է համայնքը:

Մայիսի 16-ին դպրոցի ծնողական խորհուրդը արտահերթ նիստ է գումարել և դադարեցրել է իրենց կողմից առաջադրած թեկնածուների լիազորությունները, և առաջադրվել են նոր թեկնածուներ: Սակայն, ըստ հայցադիմումի՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մերժել է ծնողական խորհրդի կողմից առաջադրած անձանց մասով դպրոցի կառավարման խորհրդի կազմում փոփոխություն կատարել՝ պատճառաբանելով, թե ներկայացուցիչների հետկանչը հիմնավորված չէ:

Մինչդեռ արձանագրության մեջ հստակ նշված է, որ անվստահության պատճառը դպրոցի ընտրության ժամանակ ծնողկոմիտեի ցանկությունը չկատարելն է:

Դրանից հետո ծնողական խորհուրդը նիստ է գումարել և որոշել է դիմել դատարան:

«Ծնողկական խորհուրդը համոզված է, որ տնօրենի մրցույթը խորհրդի կողմից կրել է ուղղորդված բնույթ, մարզպետարանի ցուցումով, այդ թվում նաև ներգրավելով այդ գործընթացում ծնողական խորհրդի անդամներից մեկին, որը հանդիսանալով նույն խորհրդի անդամ Արմավիրի համայնքապետարանի ներկայացուցչի (համայնքապետի տեղակալ) հարսը, չի կատարել ծնողական կոմիտեի պատգամը: Առավել քան ակնհայտ է, որ մարզպետի կողմից եղել է բացահայտ միտում ամեն գնով պահպանելու կազմակերպության խորհրդի իր կամքին հարմար և իր ցուցումներով շարժվող կազմը»,- նշված է հայցադիմումի մեջ:

Հայցադիմումին կից ներկայացվել է նաև հայցի ապահովման միջոց, որով միջնորդում են կասեցնել Արմավիրի մարզպետի որոշմամբ ստեղծված դպրոցի կառավարման խորհրդի գործող կազմով նույն կազմակերպության տնօրենի նոր մրցույթի իրականացումը՝ մինչև գործով վերջնական դատական ակտի ընդունումը:

Ծնողական խորհրդի նախագահ Հայաստան Հակոբյանը դիմում բողոքներ է ուղարկել նաև հանրապետության վարչապետին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին:

«Ցավով հայտնում ենք Ձեզ, որ եթե մեր ձայնն այստեղ էլ լսելի չդառնա, կառավարման խորհրդի կազմում, իրենց աշխատանքում որևէ բան չփոխվի, մենք դարձյալ կկանգնենք դժվարին իրավիճակի առջև: Մենք Ձեզ խնդրում ենք միջամտեք և աջակցեք, որ փոխվի Արմավիրի մարզի Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի կազմը»,- նշված է դիմում-բողոքներում:

Հայաստան Հակոբյանը պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, որ կառավարման խորհրդում իրենց առաջադրած թեկնածուներին ընտրելու գործընթացին մարզպետը դեռ պատասխան չէր տվել, դպրոցի կառավարման խորհուրդը նիստ է գումարել և տնօրենի ընտրության օր նշանակել:

«Այդ նիստը լեգիտիմ չէ, քանի որ առանց մեզ պատասխան ուղարկելու և խորհրդի կազմում համապատասխան փոփոխություն կատարելու՝ չէր կարող նիստը գումարվել: Ամեն ինչ կատարվել է հապճեպ` ի օգուտ մարզպետարանի: Ոտնահարվել է դպրոցի ծնողխորհրդի 45 անդամների ընտրության արդյունքները` նշելով, որ հետկանչը հիմնավորված չէր (այն մեզ տվել է մայիսի 21-ից հետո):

Սակայն, մենք շատ լավ հիմնավորել էինք. չէր կատարվել ծնողների ցանկությունը և ի վերջո 300 ծնողներ ստորագրահավաք էին կազմակերպել: Այսինքն` Նոր Հայաստանում ոտնահարվել է մոտ 1000 աշակերտների ծնողների օրենքով կատարված ընտրությունը»,- հավելել է Հ. Հակոբյանը:

Նշենք, որ դպրոցի տնօրենի ընտրության օր է հայտարարվել հուլիսի 31-ը:

Օրեր առաջ անդրադարձել էինք Արմավիրի մարզի մարզային ենթակայության դպրոցների կառավարման խորհուրդների կազմերին: Գրել էինք, որ մարզի 110 դպրոցից 80-ի կառավարման խորհրդի նախագահները մարզպետարանի ներկայացուցիչներն են:
Մեկնաբանել