Search
Close this search box.

«Իմ Քայլի» սոցցանցային անլրջությունը. Գագիկ Համբարյան

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմն այս մեկ տարվա ընթացքում գրեթե ոչ մի ոլորտում որևէ շոշափելի առաջընթաց չգրանցելով` փորձում է հասարակության դժգոհությանն արձագանքել սոցցանցերում ծավալվող տարրական պատերազմին, որտեղ գործող իշխանություններին սատարող կեղծ և իրական օգտատերերն աչքի են ընկնում ագրեսիվությամբ և սարսափելի հայհոյանքներով.

Տեղեկատվական պատերազմի կարևորագույն մասն են կազմում հայկական օգտատերերի կողմից սիրված facebook սոցցանցում գործող իշխանությունների կողմից բացված բազմաթիվ էջերը, որոնք գովազդում են Փաշինյանին և նրա կառավարության գործունեությունը, ինչպես նաև հակադարձում ընդդիմախոսներին…

Այդ էջերից մեկում՝ “Իմ Քայլում”, որն ունի մոտ 15500 հետևորդ, մեկ շաբաթ առաջ կազմակերպվել էր՝ “Գոհ ե՞ք Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնի ղեկավարումից” հարցումը (հարցադրումը հենց այս բովանդակությամբ էր), որի արդյունքերն այնքան էլ լավը չէին Փաշինյանի համար…

Հարցմանը մասնակցած 6210 օգտատերերից 54 տոկոսը բացասական էին գնահատել Փաշինյանի գործունեությունը… Սակայն, որքան պարզ դարձավ, այդ հարցումը Փաշինյանի կողմնակիցներն այնքան ծանր էին տարել, որ որոշել էին նոր հարցում կազմակերպել և նույն հարցը տալով օգտատերերին նաև նախորդ հարցման արդյունքի պատկերի մեջ մեղադրել էին նախորդ իշխանությունների կեղծ օգտատերերին…

Հարցումից ընդամենը 2 ժամ անց 2800 մասնակից օգտատերերից Փաշինյանի գործունեությունը վարչապետի պաշտոնում բացասական էին գնահատել մասնակիցների 60 տոկոսը, իսկ խայտառակ մեկնաբանություններին էլ չեմ ուզում անդրադառնալ…
Փաշինյանի ռեյտինգի “նվազումը” կանխելու համար էջի մոդերատորները, ավելի լավ բան չմտածելով, որոշեցին նախորդ հարցման արդյունքները և նոր հարցումը հեռացնել էջից…

Սա տարրական պրիմիտիվ մոտեցում է և ծիծաղելի վարքագիծ իշխանության եկած քաղաքական ուժի կողմից, որն առաջնորդվում է՝ չկա հարցման արդյունք, չկա քննարկման առարկա…

Իշխանական սոցցանցային էջի կողմից նմանօրինակ արձագանքն իրենց համար ոչ ձեռնտու հարցման արդյունքերին՝ անլրջություն է… Ինքս երբեք չեմ հավատացել այսպիսի հարցումների արդյունքներին, սակայն այս անգամ կընդունեմ, որ 60/55-40/45 հարաբերակցությունն ընդդեմ Փաշինյանի ամբողջությամբ համընկնում է նաև իմ կարծիքի հետ…

Հ.Գ. Մի խորհուրդ իշխանավորներին… Ձեր իսկ կողմից կազմակերպված առաջին հարցման արդյունքները ջնջելով, որի համաձայն Փաշինյանի գործունեությունը չի ողջունում հարցվածների 54 տոկոսը, չեք օգնի ՀՀ վարչապետին… Ինքնախաբեությամբ զբաղվելը կործանարար է իշխանությունների համար… Գտեք պատճառները և փորձեք լուծել դրանք.