Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադեկվադի» անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն

Քիչ առաջ «Ադեկվադի» անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որեւէ հիմնավորման։ Այս մասին տեղեկացնում է «Ադեկվադ» շարժման ֆեյսբուքյան էջը:

Գրառման մեջ նաեւ ասվում է. «Ադեկվադ» շարժման անդամները վաղ առավոտից ուղեւորվել են Սյունիքի մարզ՝ հանդիպում անցկացնելու համակիրների եւ աջակիցների հետ։ Սակայն, նպատակ ունենալով զրկել նրանց այդ հնարավորությունից, եւ կասեցնել շարժման անդամների եւ համակիրների հանդիպումը, իշխանությունները կրկին սահմանափակեցին «Ադեկվադ» ՀԿ-ի անդամների տեղաշարժի ազատությունը։

Սա իրավապահ համակարգի կամայական օգտագործման եւս մեկ օրինակ է, եւ հերթական անգամ ապացուցում է մեր այն պնդումները, որ իշխանությունները փորձում են տապալել ընդդիմության կայացման գործընթացները, միանձնյա կառավարման կախարդական փայտիկը չկորցնելու նպատակով։

Տվյալ պահին բերման են ենթարկվել Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Սամվել Թադեւոսյանը եւ այլք։ Հետեւեք իրադարձությունների զարգացմանը, հավելյալ տեղեկություն ունենալուն պես այն կտեղադրվի էջում»: