Search
Close this search box.

«Քոչարյանն այս անգամ դատարանում բացահայտորեն սպառնաց դատավորին». քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանն այս անգամ դատարանում բացահայտորեն սպառնաց դատավորին՝ ճնշում գործադրելով նրա վրա: Նաև՝ սպառնաց բոլորին, ովքեր ընդդիմանում են այսօր իրեն: Եվ այդ սպառնալիքները չի կարելի անտեսել:

Եթե, որոշակի աշխարհաքաղաքական դասավորումների արդյունքում Հայաստանում իշխանության գա ամենատարբեր ուժերի ծառայող և ազգային հովանու տակ պատսպարվող խորապես ապազգային նախկին իշխանության նորատեսք արտադրանքը, որն արդեն Փաշինյանի իշխանության թողտվության պայմաններում լրջորեն պատրաստվում է այդպիսի հնարավոր սցենարի՝ այսօր հնչող ամենատարբեր անձանց ամենատարբեր սպառնալիքներն անպայմանորեն իրականություն են դառնալու:

Ու մինչդեռ Հայաստանի արդեն մեկամյա իշխանություններն ինքնավստահության, անվճռականության և անգաղափարության թավշե ծովում խեղդվում են՝ իրենց անկման պարագայում նոր դեմքով հին ուժն անպայմանորեն ծովն է լցնելու և ողջ նավը, որի անունն է ժողովուրդ: Հուսանք, որ այդպիսի սցենարն իրականություն չի դառնա, բայց հուսալը քիչ է:

Դրա դեմ պետք է պայքարել, իսկ պայքարող՝ Հայաստանի իշխանությունում ակնհայտորեն չկա: Այսպիսի ընթացքով առաջիկայում լուրջ ցնցումներն անխուսափելի են դառնալու»: