Search
Close this search box.

Խոշոր վթար Սևան-Երևան ավտոճանապարհին` առավոտ կանուխ. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 21-ամյա Դավիթ Աբրահամյանը իր վարած Ford Transit մակնիշի 01 ՕՍ 114 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 49 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո հրշեջների կողմից կատարվել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: