Search
Close this search box.

Երևանի քաղաքապետի անկեղծ խոստովանությունը

«Կարծում եմ` «Սանիթեք» ընկերությունը այլևս չի կարող սպասարկել Երևան քաղաքը»,- հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աղբահանության խնդրին, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Չեմ կարծում, որ չեն ցանկանում, ըստ իս, ուղղակի չեն կարողանում կատարել այդ ծառայությունները: Իրենց մեքենաների, աշխատուժի քանակը, տեխնիկայի վիճակը գրեթե հասել է զրոյի: Իրենց ասելով` օրական 10-12 մեքենա են հանում, բայց մեծ մասը ճանապարհի կեսից խափանվում է և հետ է վերադառնում, այսինքն` փոքր քանակության մեքենաներ են կարողանում սպասարկել քաղաքը և այն, ինչ տեսնում ենք, հենց դրա արդյունքն է»,- ասաց քաղաքապետը:

Հայկ Մարությանը նաև չբացառեց, որ պայմանագիրը «Սանիթեքի» հետ կխզվի` նշելով, որ դրա համար սպասում են ոչ թե «Սանիթեքին», այլ իրենց, թե երբ դա կլինի, ժամանակը ցույց կտա, երբ կստեղծվի բյուջետային հիմնարկը:

«Իրենք գումարներ չեն ներդնում, պետք է ըստ պայմանագրի 8000 աղբաման լինի, դրանից այսօր մոտ 5000-ն է առկա, և վիճակը շատ վատ է: «Սանիթեքը» թերի աշխատանքի համար ամեն ամիս տուգանվում է»,- նշեց քաղաքապետը: