Search
Close this search box.

Արմեն Ամիրյանը բավարար չի գնահատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաշվետվությունը

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բավարար չի գնահատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբանյանի ներկայացրած կիսամյակային հաշվետվությունը, դրանում ամրագրված ֆինանսական ցուցանիշներն ու ՊՈԱԿ-ի վարած «հրավիրատոմսային քաղաքականությունը»:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Երիտասարդական նվագախմբի ներկայացրած հաշվետվությանը ծանոթանալուց հետո Արմեն Ամիրյանը հանձնարարել է ներկայանալ առողջացման ծրագրով:

«Որքան շատ տոմս վաճառեք, այնքան շատ մարդու հաղորդակից կդարձնեք ձեր արվեստին: Սակայն լավագույն հանդիսատեսը նա է, որը տոմս է գնել ու եկել համերգին, իսկ անվճար հրավիրատոմսը փոխում է մարդու հոգեբանությունը: Հանդիսատեսը մտածում է՝ միևնույն է, հրավիրատոմսը անվճար բաժանելու են, դուք էլ ձեր հերթին եք մտածում՝ պետությունը վճարելու է»,-ասել է նախարարն ու հորդորել, որ փոխեն այդ մտայնությունը:

Արմեն Ամիրյանը նկատել է, որ նրանք կառավարման մեխանիզմներին շատ լավ տիրապետում են, սակայն ցուցանիշները չեն համապատասխանում իրենց ստեղծագործական ու կառավարչական որակին: Նախարարը հանձնարարել է կարգավորել տոմսային տնտեսությունը, գտնել հավելյալ եկամուտներ վաստակելու ուղիներ, կազմակերպել հետաքրքիր, ինքնատիպ լուծումներով համերգներ, աշխատել հուշանվերային փաթեթների ուղղությամբ:

«Ուզում եմ տեսնել ջանք, աշխատանք, նոր, հետաքրքիր մտքեր: Մտածեք ու մշակեք ծրագրեր, որպեսզի հաջորդ կիսամյակը լինի ավելի առողջ»,-եզրափակել է նախարարը: