Search
Close this search box.

Իրավապահների համար Աբովյանի դեպքը բացահայտելը րոպեների հարց է…

Այսօր վաղ առավոտից լայն քննարկման առիթ է հանդիսացել գիշերը Աբովյան քաղաքում տեղի ունեցած հանցագործության դեպքը, երբ հրկիզվել է ՔՊ թեկնածուի թիմակցի ավտոմեքենան և բնակարանի մուտքը: Կատարվածն ավելի քան դատապարտելի է, և թվում էր թե հեղափոխությունից հետո նման հին գործելաոճը պետք է իսպառ բացառվեր։

Բայց և այս ամենը թույլ տվեք ասեմ, նաև կանխատեսելի էր։ Քանզի որքան էլ կողմերը ջանացին քարոզարշավն իրականացնել նոր քաղաքական մշակույթով, Կոտայքի մարզպետն անդրդվելի էր։ Մարզպետն, ով այս ընտրությունները դարձրել է կենաց մահու պայքար, ողջ քարոզարշավի ընթացքում ատելության քարոզ էր իրականացնում։ Եվ ցավոք, այդպես շարունակեց մինչև վերջին պահը՝ նախկին «տասովշիկ» ՀՀԿ-ականների թևերի տակ ձմերուկներ դնելով, իրեն լավ ընկերներ կարգելով։

Այն, որ այս դեպքը պետք է շուտափույթ պարզվի և բոլոր ԻՐԱԿԱՆ մեղավորները պատժվեն՝ աներկբա է։ Հարկ է նաև նշել, որ իրավապահների համար այս դեպքը բացահայտելը ընդամենը րոպեների հարց է, քանի որ լավատեղյակ աղբյուրները փոխանցում են՝ տարածքում կան տեսանկարահանող սարքեր:  Բավական է միայն դրանք վերծանել և ամեն ինչ պարզ կդառնա… Հակառակ պարագայում, մենք կոչնչացնենք արդարություն հաստատելու այն սպասումը, որը դրված էր նաև հեղափոխության հիմքում։

Հ.Գ.  Ի դեպ բավական հետաքրքիր իրավիճակ կստացվի, երբ հանկարծ պարզվի, որ այս միջադեպի իրական հեղինակները Ռոմանոս Պետրոսյանի իր իսկ բնորոշմամբ «լավ ընկերները լինեն»։ Հուսանք, որ ամեմաբարձր մակարդակով կդրսևորվի հետևողականություն և ժամեր հետո միջադեպը ամբողջովին կբացահայտվի…